
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի. կա՛մ Սպիտակցի Հայկոյի որդու գործը կարճի, կա՛մ այն ուղարկի դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով քննչական կոմիտեն հայտնվել է անորոշ վիճակում։ Բանն այն է, որ հայտնի երգչի որդու` Հրաչյա Ղևոնդյանի քրեական հետապնդման ժամկետը լրանում է, քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի. կա՛մ գործը կարճի, կա՛մ այն ուղարկի դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հրաչյա Ղևոնդյանի կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը մինչև վերջ պայքարեց, հասավ մինչև Վճռաբեկ դատարան ու արդյունքում պարտվեց, քանի որ հիմքեր չկան կալանքի: ՀՀ դատարանները հրաժարվեցին երգչի որդուն կալանքի տանել։
Ինչպես հայտնի է, 2024 թվականի մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։
Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:
Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղևոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաև հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:
Ղևոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան