
«Հրապարակ». Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը և նույնը հորդորել թաղապետարանի բոլոր աշխատակիցներին։
Օրերս մենք գրել էինք, որ ՔՊ-ական միջին կալիբրի այս չինովնիկն իր աշխատասենյակում Վալենտինի օր էր նշել՝ մոմերով, ծաղիկներով, փուչիկներով ու ֆուրշեթով, իսկ աշխատողներին էլ հրահանգել էր կարմիր գույնի զգեստներով ներկայանալ աշխատանքի` օրվան համահունչ։ Նա նույնպիսի հանդիսավորությամբ է նշում բոլոր տոները և դրանց կապակցությամբ ֆոտոսեսիաներ է անում ու տեղադրում սոցցանցերում: Հիմա, փաստորեն, Ավինյանն ասում է` շարունակեք աշխատավայրերում գինարբուքներ կազմակերպել, միայն թե այդ մասին հրապարակումներ մի արեք, որ լրագրողները չիմանան։
Ի դեպ, Ալբինա Ահարոնյանը «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի ընկերուհին է, որի շնորհիվ էլ, թերևս, ընկերուհին այդքան ինքնավստահ է իրեն զգում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։