
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։
Ոստիկանությունց նշում են, որ հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման աշխատանքները, ինչպես նաև մոնիթորինգի ենթարկել օրենսդրական դաշտը՝ ստանդարտի բերելով առկա կարգավորումները։
Ըստ այդմ՝ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ անդրադառնալով պարգևատրական զենքերին։
Նախագիծն ունի հետևյալ նպատակները․
▪️ պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը ստանդարտիզացնել՝ բացառելով երկակի մոտեցումների կիրառումը, վերացնել պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող իրավիճակները.
▪️ ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ.
▪️ Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։
Ըստ այդմ՝ նախագծով նախատեսվում է.
▪️ պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը՝ պարգևատրական զենքերը Ոստիկանություն ներկայացնելու համար: Սահմանված ժամկետում պարգևատրական զենքերը Ոստիկանություն ներկայացնելը չի առաջացնի որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ քրեաիրավական հետևանքներ։
▪️ Պարգևատրական զենքերը թողնել այն անձանց մոտ, որոնք կբավարարեն նախատեսված չափանիշներին:
▪️ Պարգևատրման ինստիտուտում պահպանել գործող օրենքում առկա՝ ստանդարտ ունեցող միակ եղանակը, այն է՝ օրենքով սահմանված չափորոշիչների բավարարման դեպքում ՀՀ Վարչապետի կողմից պարգևատրումը:
▪️ Ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի Ոստիկանություն ներկայացված, Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգևատրական զենքերն օգտագործվեն նաև գիտակրթական կամ մշակութային (թանգարանային ցուցադրության) նպատակներով։
Նախագծի հիմքում հանրության անվտանգության ապահովման և հանրային շահի գերակայության ՆԳՆ հանձնառությունն է։
Նախագիծը հանրային քննարկման համար հասանելի է հետևյալ հղմամբ։