
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 561 քրեական վարույթ (2023 թվականին՝ 533 քրեական վարույթ): Նման տվյալնե է հրապարակել Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը՝ փետրվարի 20-ին ամփոփվելով մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները։
Արմեն Շահբազյանի խոսքով՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 532 քրեական գործ՝ 560 անձի վերաբերյալ):
2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է 131 միլիոն 671 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է 40 միլիոն 38 հազար դրամը (2023 թվականին՝ 120 միլիոն 874 հազար դրամ, որից վերականգնվել է 5 միլիոն 311 հազար դրամը):
Մարզի դատախազը, անդրադառնալով Լոռու մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնել են 92 ուսումնասիրություն՝ 2023 թվականի 12-ի դիմաց: Դրանք վերաբերել են նաև Վանաձորում գործած կինոթատրոնների օտարումների գործընթացներին։
«Կինոթատրոնների օտարման գործընթացների ուսումնասիրության արդյունքում պարզվել են «Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում տեղի ունեցած առերևույթ խախտումների վերաբերյալ տվյալներ: Ուսումնասիրությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել Ազգային արխիվից, որոնք ստանալուն և ուսումնասիրելուն պես կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Լոռու մարզի դատախազը՝ հավելելով, որ 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության 11 հայց, հայցագնի ընդհանուր չափը՝ 15 միլիոն 900 հազար դրամ:
Ընթացքում է գտնվում 76 հայց՝ բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը՝ 427 միլիոն 233 հազար դրամ: