
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Պետության կողմից ճնշումներ, հալածանք, մարդու գլխին սարքելու պրոցեսներ... տեսել եմ, բայց ես իմ գործունեության ընթացքում ցույց եմ տվել, ապացուցել եմ, որ այդ տեսակը չեմ, որ կարողանան ինձ վախեցնելով, ճնշելով հետ կանգնեցնել»,- «Մեդիահաբ»-ին տված հարցազույցում ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը։
Նա նշել է, որ քաղաքում թե ապրած կյանքով, թե իր գործունեությամբ չունի թույլ տված խնդիրներ, որպեսզի «իմ պոչն ինչ-որ մեկի ոտքի տակը լինի». «Չկա նման բան, չեմ վախենում, չեմ էլ վախենալու, երբևէ նման տարբերակներով ինձ չեն կարողացել ոչ զսպել, ոչ վախեցնել։ Այդ մասին գյումրեցիները լավ գիտեն»։
Խոսելով Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու, ապա բաց թողելու մասին, Մ. Գրիգորյանն ասել է. «Նմանատիպ շոուներով մարդկանց ավելի կատաղեցնելու են, դժվարեցնելու են պրոցեսները։
Ես մշտապես կոչ եմ արել, որ Գյումրին շոուների թատերաբեմ չէ։
Անհաջող փորձ էր, մեկ անձի գովազդ, մեծ հաշվով, այդ թեկնածուին պարգև էր, իսկ թե նպատակը որն էր, երևի իշխանությունները գիտեն։ Ինչո՞ւ առանձնացնել մեկին ու մի ամբողջ օր դարձնել կինոյի դերասան։ Քաղաքի ժողովուրդը պետք է այս ամենը լավ հասկանա»։
Խոսելով իր անելիքների մասին՝ նա նշել է, որ Գյումրին, Շիրակը որպես մարզ ունի մեծ պոտենցիալ ու պետք է այն օգտագործել. «Ցավոք, մինչև 2018 թվականը դրված լավ հիմքերը չեն կարողանում պահել, գնալով անկում է ապրում»։
Մարտուն Գրիգորյանն ասաց, որ այսօր երկրում այնպիսի իրավիճակ է, որ պետք է մտածել նաև Գյումրու և Հայաստանի մնացած տարածքների մասին. «Իսկ երեկվա շոուն մարդկանց նորից տարավ ապատիայի, անտարբերության, որ երկրում ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվելու։ Բայց մենք չենք հանձնվելու, ամեն մեկս փորձելու ենք մեր տեղում քաղաքն անցնցում պահել, նմանատիպ խնդիրներ չունենալ»։
Նա կոչ է արել՝ թողնել հանգիստ գնալ ընտրության. «Ես կողմնակից եմ կարմիր գծերը չանցնելուն, որպեսզի հետո քաղաքը չտուժի։ Դրա համար ես ինձ միշտ զուսպ եմ պահել։ Ընտրվելուց հետո ուզես-չուզես պետք է աշխատել այս իշխանության հետ։ Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի։
Ես այսօր որպես քաղաքապետի թեկնածու, եթե ժողովրդի ցանկությամբ ընտրվեմ քաղաքապետ, պարտավոր եմ այնպես անել, որ քաղաքը չգնա կոլապսի։ Մտածելու բան չունեմ, որ ընտրվելուց հետո իմ վրա քրեական գործեր կան, բերելու են կոկորդիս դեմ տան՝ կանես սա, կանես այն։ Ես գնալու եմ աշխատելու ի շահ քաղաքի։ Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու։ Իմ դեմ ոչ մի կոմպրոմատ չի եղել մինչև օրս»։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։
Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Համագործակցություն, կոալիցիա իշխանության հետ բացառում եմ. Մարտուն Գրիգորյան
- Մարտուն Գրիգորյան. Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, չպետք է հանդուրժել