
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Քաղաքագետի խոսքով,եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, ապա կարող է էական փոփոխություններ լինել։
«Այն ենթադրում է մեր տարածաշրջանում Ռուսաստան-ԱՄՆ մրցակցության եթե ոչ ավարտ, ապա նվազեցում,նաև լարվածության նվազում Հայաստանի և Վրաստանի շուրջ , ինչպես նաև՝ թուրքական գործոնի շարունակական նվազում։ Մյուս կողմից խնդրահարույց է լինելու Հայաստանի ներկա իշխանությունների շարունակականությունը, որովհետև նրանք այս լարվածության և հակամարտության ծնունդ են։ Բացի դրանից, կարելի է սպասել Հայաստանի տնտեսական ձեռբերումների կորստի, որը Հայաստանը ձեռք է բերել տրանզիտային նոր դերում»,- նշեց Միքայելյանը՝ ընդգծելով, որ սա այն դեպքում, եթե ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։
Կա նաև մյուս սցենարը, որը կարող է լինել ռուս-ուկրաինական հակամարության շարունակության պարագայում։
«Այժմ նկատվում է ԵՄ-ԱՄՆ տարաձայնություն։ ԵՄ-ն ուզում է, որ այս հակամարտությունը շարունակվի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։ Այս պարագայում ԵՄ-ն, հատկապես՝ Մեծ Բրիտանիան, փորձելու են սրել իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում, որպեսզի ապահովեն հակամարտության շարունակությունը»,-ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դերին, ապա քաղաքագետը չբացառեց, որ ԱՄՆ-ն կարող է հանել բոլոր պատժամիջոցները ՌԴ-ից և դադարեցնել Ուկրաինայի աջակցությունը։
«Կդադարարի նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ մրցակցությունը և մենք ավելի բարդ պատկեր կունենանք։ Նման սցենարի դեպքում ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տևել մոտ մեկ տարի, քանի որ Ուկրաինայի ռեսուրսները քիչ-քիչ սպառվում են»,- ընդգծեց Միքայելյանը։
Թերևս այս սցերնարն, ըստ մասնագետի, ամենից հավանականն է։
«ԵՄ-ն կսկսի հետզհետե նահանջել, թեև դա արագ տեղի չի ունենա, կպահանջվի ժամանակ, հետևաբար առնվազն մեկ տարի այս պատերազմը կշարունակվի»։
Տնտեսական առումով ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ևս պետք է սպասել խնդիրների։
«Ռուսաստանի համար Հայաստանի կարևորությունը կնվազի, այն տրանսակցիաների միջոցով գումար վաստակելը, որը կարողացել ենք անել այս տարիների ընթացքում, այլևս չի ստացվելու։ Կարժեզրկվի դրամը, կլինի այն մակարդակը, որը եղել է երեք տարի առաջ, այսինք՝ 470-500 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք եկել էին Հայաստան, կլքեն Հայաստանը։ Պետք է նշենք, որ Հայաստանի տնտեսական մակարդակը թվերի մակարդակով վատթարանալու է, բայց մյուս կողմից էլ՝ առողջանալու, քանի որ այս պահին անառողջ վիճակ է՝ Հայաստանն աշխատում է տրանսակցիաների վրա և սեփական կարողությունները շատ չի զարգացնում»։