
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լարված քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության և ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում անշրջելի դիրքորոշում չէ, քանի որ ԱՄՆ Կոնգրեսում կան այդ գաղափարների հակառակորդներ։
«Ես բավականին անհանգստացած եմ այն ամենով, ինչ լսում ենք Վաշինգտոնից, հատկապես վերջին օրերին: Այնուամենայնիվ, ես անձամբ չեմ կարծում, որ սա վերջին խոսքն է: Ես նաև բոլորովին այլ կարծիքներ եմ լսում Կոնգրեսից: Կան բազմաթիվ ամերիկացիներ, որոնք ներկայումս քննադատում են իրենց սեփական կառավարության ընթացքը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա։
Մերցը հստակեցրել է՝ որոշիչն այն է, որ Ատլանտյան օվկիանոսի եվրոպական կողմում կա միասնական դիրքորոշում այն հարցերի շուրջ, որոնք պետք է «լուծվեն»։
«Երբեք չէի մտածի, որ երբևէ ստիպված կլինեմ այդպես մտածել, առավել ևս խոսել այդ մասին: Բայց բոլոր ազդակները, որոնք մենք ստանում ենք ԱՄՆ-ից, վկայում են այն մասին, որ Եվրոպայի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է, իսկ եվրոպական գործերին մասնակցելու պատրաստակամությունը՝ թուլանում »,- ընդգծեց նա: