
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Մեր զրուցակիցը նկատեց, որ ԵՄ ինտեգրման գինը եղել է փաստացի Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում։
«Այն տեղի է ունեցել մի քանի անգամ ԵՄ-ի հետ հանդիպումների շրջանակում՝ Շարլ Միշելի գլխավորությամբ, 2023թ․-ի ընթացքում։ Այսօրվա Արցախից ուրանալու քաղաքականությունը դրա շարունակությունն է։ Սա պետք է պարզ գիտակցել։ Բոլոր հետխորհրդային երկրները, որոնք գնացել են Եվրոպական ինտեգրման ճանապարհով՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան և մենք, կորցրել են տարածքներ։ Մեր կորուստնն ամենամեծն է, գոնե տարածքային տեսանկյունից»,- ասաց նա։
Քաղաքագետը նաև շեշտեց, որ Հայաստանը ԵՄ անդամ չի կարող դառնալ։
«Այսօրվա դրությամբ, նույնիսկ լուրջ փոփոխությունների դեպքում, ԵՄ-ն Հայաստանին չի կարող ընդունել ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո։ Այսպիսով, սա ուղղակի խաբեբաություն է, որը ԵՄ գրանտներով սնվող փորձագետները փորձում են տարածել Հայաստանում։ Լինելու է հետևյալը՝ Հայաստանը ձգտելու է ԵՄ անդամակցությանը, ԵՄ-ն որոշ սիմվոլիկ ժեստեր կանի, բայց դրա դիմաց Հայաստանն ունենալու է աշխարհաքաղաքական կորուսներ»,- ասաց Միքայելյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ տարածաշրջանում BRICS կազմակերպությունն ուժեղանում է:
«Ռուսաստանն ու Իրանը դարձել են BRICS-ի անդամ, Թուրքիան և Ադրբեջանն անդամակցության հայտ են ներկայացրել, Վրաստանը ևս քիչ-քիչ փոխում է իր արտաքին քաղաքականությունը։ Ստացվում է, որ ԵՄ ձգտող երկիրը լինելու է միայն Հայաստանը։ Բացի մյուս խնդիրներից, որոնք մենք օբյեկտիվորեն ունենք, այս իշխանությունները ստեղծում են նոր խնդիրներ՝ Հայաստանը գրավելու է շատ ուշադրություն հարևան երկրներից, որոնք հակառակ արտաքին քաղաքական դիրքորոշում ունեն։ Մյուս կողմից՝ ԵՄ-ն խորքային ճգնաժամի մեջ է, այդ թվում՝ քաղաքական։ ԵՄ-ն այս տարածաշրջանում որպես շարժիչ գործոն չի կարող հանդիսանալ։ Եթե մարդկանց մոտ հույս կա, որ անվտանգային արդյունավետ համակգործակցություն է լինելու, ապա՝ ոչ։ Նույն Գերմանիան վերջերս գնահատեց իր անվտանգային և դիմադրողականության պոտենցյալը 20-35 տոկոս ավելի ցածր, քան երեք տարի առաջ էր։ Այսինքն՝ ուկրաինական հակամարտության արդյունքում Գերմանիան թուլացել է։ Մատակարարման տեսնակյունից ևս կլինեն խնդիրներ՝ նույն Վրաստանը, Թուրքիայի և Ադրբեջանի ճնշմամբ, թույլ չի տա, խնդիրներ կստեղծի»,- նշեց Միքայելյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ որքան Հայաստանը դիրքավորվի Ռուսաստանի դեմ, նույնքան արձագանքն ավելի վատ է լինելու։Ըստ նրա՝ ԵՄ ներսում ևս փոփխություններ են սպասվում։
«Այն քաղաքական գիծը , որը ներկայացնում են Հայաստանի ներկա իշխանությունները, ակնհայտորեն թուլանալու է։ Դա կարող է արտահայտվել գերմանական ընտրությունների ֆոնին, որոնք տեղի են ունենալու վաղը։ Այսպիսով՝ եվրոպական ինտեգրացիան շատ խնդրահարույց է Հայաստանի համար»։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է ընդլայնի իր քաղաքականության աշխարհագրությունը՝ էականորեն զբաղվելով Արևելքով, Ասիական, Աֆրիկյան երկրներով։
«Իհարկե Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմն այսօրվա մակարդակից էլ ավելի ցածր անընդունելի է, հակառակը՝ պետք է ձգտել հարաբերությունների կարգավորմանը։ Չեմ ասում՝ ինտեգրացիային, դա այլ հարց է, բայց հարաբերությունների նորմալացմանը պետք է ձգտել, քանի որ վատ կետում ենք գտնվում։ Բացի դրանից, կարևոր է սեփական ռեսուրսները հզորացնել, մասնավորապես՝ անվտանգային, և մեծ հույսեր չկապել ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից»։
Ինչ վերաբերում է տնտեսական առումով ԵՄ-ից հնարավոր օգուտներին, ապա տնտեսագետն ասաց․
«ԵՄ շուկան պարունակում է տարբեր նորմատիվներ, սահմանափակումներ, քվոտաներ, տոկոսադրույքներ։ Պետք է սթափ գնահատել իրավիճակը՝ եվրոպական շուկայում հայկական ապրանքները տեղ չեն ունենալու։ Իհարկե, պետք է աշխատել այս ուղղությամբ, բայց մեծ հույսեր պետք չէ կապել։ Եվրոպական շուկայում կա մեծ մրցակցություն և մենք այնտեղ ունենք քիչ հնարավորություն, բայց եթե կա հնարավություն , ապա պետք է այն օգտագործել։ Պայմանական՝ Սաուդիան Արաբիայի շուկայում կարող է ավելի մեծ հնարավորություն լինել։ Օրինակ, երբ իրաքյան շուկան բացվեց Հայաստանի համար, Հայաստանի արտահանումն սկսեց արագ աճել։ Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ հիմնականում հումքային արտադրանք է՝ մշակված մետաղներ և այլ։ Այսպիսով՝ շատ մեծ հուսեր եվրոպական շուկայից չպետք է ունենալ։ Ասեմ ավելին՝ Վրաստանը, որն ավելի լավ լոգիստիկ հնարավորություններ ունի, միևնույն է, չկարողացավ եվրոպական շուկայում իր տեղը գտնել և ԵՄ-ի հետ իր առևտրաշրջանառությունն էականորեն բարձրացնել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։