
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608 դիմորդ՝ նախորդ տարվա 9 671-ի համեմատ։ Նրանք ընդհանուր առմամբ հանձնել են 21 221 քննություն։ Ձևավորվել է 50 քննական կենտրոն, ինչը համակարգի ներդրումից ի վեր աննախադեպ բարձր թիվ է։ Մինչ այս գրանցված ամենաբարձը թիվը եղել է 41։
Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում նման տվյալներ հրապարակեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ ամփոփելով 2025 թվականի բուհական ընդունելության առաջին /ձմեռային/ փուլի քննությունների արդյունքները։
«Առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կարող են դիմորդ լինել՝ անցած կամ այլ տարիների շրջանավարտներ, արտերկրում ապրողներ։ Քննության մասնակիցներից 10. 765-ը եղել են 12-րդ դասարանների աշակերտներ։ Հայաստանի քաղաքացի է եղել 11 299 դիմորդ, այլ երկրներից՝ 309-ը։ Առավել մեծ թիվ եղել է Ռուսաստանից՝ 251 դիմորդ»,-ասաց կենտրոնի տնօրենի տեղակալը։
Նասիբյանը հիշեցրեց, որ քննությունների առաջին փուլի արդյունքներից դժգոհ դիմորդները կարող են նաև քննություն հանձնել հունիս-հուլիս ամիսներին։ Անցած տարի երկրորդ փուլի քննություններին չեն մասնակցել առաջին փուլի քննությունների մասնակիցների 15 տոկոսը։
Դիմորդների մեծ մասը հանձնել են անգլերեն քննություն՝ 6452, երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 5151 դիմորդ, երրորդ տեղում՝ հայոց լեզու առարկան է՝ 4355 դիմորդով։