
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն:
Միաժամանակ, շրջաբերական գրության մեջ շեշտվում է, որ վերոնշյալ միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքը:
««Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին»,- մասնավորապես նշվում է շրջաբերականում:
Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:
Պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-600 հեռախոսահամարով: