
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։
«Կան, ընդ որում մի քանի տեսարաններ»,- ասուլիսում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ Լևոն Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սիրային կերպարներ կան ֆիլմում։
«Վազգեն Սարգսյանն իր բոլոր դրսևորումներում բուռն էր՝ և զգացմունքների, և ռազմական գործունեության մեջ։ Բուռն էր նաև սիրային թեմաներում։ Իհարկե, ականատեսը չեմ եղել, բայց ինձ շատ են օգնել հարազատներն իրենց հետաքրքիր պատմություններով։ Մենք, համենայնդեպս, փորձել ենք հյուսել արժանահավատ պատմություններ, որտեղ գեղարվեստական հորիվածքի հատվածները ոչ թե շեղում են իրականությունից, այլ լրացնում են այն օղաները, որոնք, բնականաբար, բացակա են որևէ գրավոր աղբյուրում»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք ֆիլմում ներկայացված է երգչուհի Լիլիթ Կարապետյանի կերպարը, ժամանակին շատ է խոսվել նրա ու Վազգեն Սարգսյանի հարաբերությունների մասին, Լ. Գալստյանը պատասխանեց. «Հարցրեք Լիլիթ Կարապետյանին, չնայած, նա, կարծեմ, արտահայտվել է այդ մասին։
Իհարկե, այդ ամենը հետաքրքիր է, բայց մի սահման կա, որից կարող է գեղարվեստական պատումն անցնել, գուցե սայթաքել, ընկնել փաստավավերագրության մեջ, որը չափազանց պարտավորեցնող ու համարձակ բան է, մանավանդ մենք չգիտենք՝ Վազգեն Սարգսյանը եթե ողջ լիներ, ինչպես կվերաբերվեր այդ նուրբ, խիստ անձնական հարցերին, ներբերանգներին։ Պահելով պատմությունների արժանահավատությունը՝ մենք փորձել ենք ցույց տալ արդեն գեղարվեստական ֆիլմի լեզվով, երկխոսություններով Վազգեն Սարգսյանի կնամեծարությունը։ Փակագծերը չբացեմ, կդիտեք ֆիլմն ու կտեսնեք»։
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ ու գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանն ասաց, որ ֆիլմում ներկայացված է նաև Վազգեն Սարգսյանը որպես քաղաքական գործիչ։
«Քաղաքական կերպարը կա, բայց ոչ շատ։ Քաղաքականությանը չենք անդրադարձել այն պատճառով, որ մենք դրա իրավունքը չունենք։ Ֆիլմում ներկայացնել քաղաքական հարցեր իմ հայացքով, կամ պարոն Գալստյանն իր հայացքով, դա շատ սուբյեկտիվ կլինի, այդ պատճառով այդ թեման շատ նուրբ անցել ենք։ Ես ինձ նման իրավունք չէի վերապահի»,- ասաց Ն. Սարգսյանը։
Նա ասաց, որ ֆիլմի նկարահանման համար պետական աջակցություն չեն ստացել. «Ոչ ոք չի աջակցել, դրա կարիքը չի եղել, ամեն ինչ արվել է Genetic Production-ի կողմից։ Ֆիլմը հովանավորներ չի ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
- «Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
- Դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեում. «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ
- Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին