
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում։ Չնայած շրջանառվում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի, փաստաբան Տիգրան Եգորյանի անունները, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենառեալ հավակնորդը դատավոր Կարապետ Բադալյանն է:
ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել ՍԴ, իբրև հերթական կամակատար։ Իսկ Բադալյանն ամենահարմար թեկնածուն է։ Նա Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է` ժամանակին համատեղ փաստաբանություն էին անում, դատավոր է նշանակվել 2018-ից հետո, Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, Հակակոռուպցիոն դատարանում նրան են մակագրում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած մինչև դատավոր նշանակվելը բազմաթիվ հարցազրույցներ է տվել նախկինների դեմ։
Հիշեցնենք. ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: