
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա ուշադրություն հրավիրել, իսկ ՔՊ-ական պատգամավորները հրճված են նրա մարդասիրությամբ: Մինչդեռ հենց ՔՊ-ն է այսօրվա անարդարության սնուցման աղբյուրը, որի դեմ Գասպարին պայքարում է:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին այն ակտիվիստն է, որը և’ մինչ հեղափոխությունը, և’ հեղափոխությունից հետո անարդարության մասին տեղեկանալիս գնում է հասցեատիրոջ կամ պատասխանատուի մոտ և ի նշան բողոքի պառկում գետնին: Փետրվարի 20-ին Վարդգես Գասպարին գնացել էր ՀՀ Կառավարության առաջ և պառկել ասֆալտին ի նշան բողոքի, որ նախորդ տարի ապրիլի 15-ին խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանին խոշտանգող բանդան պատասխանատվության դեռ չի ենթարկվել:
Թվում է` ամեն ինչ նորմալ է, բայց ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մի սրտաճմլիկ, մարդասիրական ստատուս է գրել ֆեյսբուքյան հարթակում`քննադատելով ոչ թե իշխանությանը, ում գործողությունների դեմ Գասպարին ցուրտ եղանակին գետնին է պառկել, այլ սիրելի ընդդիմադիր ընկերներին: «Ծաղրանքի խրախճանքի եք հրավիրում այս մարդու նկատմամբ, ձեզանից քա՞նիսը, ինչպե՞ս ու ի՞նչ եղանակային պայմաններում է փորձել իր ձայնը լսելի դարձնել, երբ բողոք է ունեցել իշխանությունների ու իրավապահների դեմ։ Իշխանության սիրելի համակիրներ, որ թիրախավորում եք այս մարդուն, ձեզանից քա՞նիսը, ինչպե՞ս, որքա՞ն գործնական է աջակցել իշխանության ռեֆորմներին»: Սա հատված էր Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: Նկատենք, որ պատգամավորն այդպես էլ չի նշել, թե ինչ պահանջով է ցրտին պառկել գետնին Գասպարին:
Իհարկե, Թագուհի Ղազարյանը, եթե լիներ պարզապես ակտիվիստ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից, նրա գրածը հասկանալի կլիներ, բայց նա պատգամավոր է Արշալույսից և ներկայացնում է իշխանական խմբակցությունը, ավելին` ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահն է: Մարդ, որը պետք է և պարտավոր է անարդարություններին արձագանքել ոչ թե ստատուս գրելով, այլ գործով. կուսակցության ակտիվի նիստերի ժամանակ, ԱԺ նիստերի ժամանակ, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ նա ոչ միայն պետք է խոսի անարդարությունների պատճառների մասին, այլ ջանքեր գործադրի՝ դրանք բացառելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:
Ավելին՝ Թագուհի Ղազարյանի գրածը հավանել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Հայկ Ցիրունյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հիմա փաստերով խոսենք. Վարդգես Գասպարին մինչև ցրտին Կառավարության դիմաց պառկելը, մինչև ոստիկանական բանդայի ուղեկցությամբ խոշտանգված Սամվել Վարդանյանին խոշտանգողներին պատժելու պահանջը ներկայացնելը, 2023 թ. ապրիլի 2-ից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց բռնել քաղաքացու ձեռքերը և թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին, բավականին հաճախ է ԱԺ Դեմիրճյան պատգամավորական մուտքի մոտ պառկում ասֆալտին` պահանջելով պատժել Ալեն Սիմոնյանին: Բայց Թագուհի Ղազարյանը և մյուս ՔՊ-ականները նման ստատուս չեն գրել: Վարդգես Գասպարին պայքարում է, որ ԱԺ նախագահը չթքի, և եթե թքել է, պատժվի, իսկ ՔՊ-ականները լայք են դնում միայն նրա պայքարի ձգտումներին` աչք փակելով նրա պահանջների իրականացման անհրաժեշտության վրա:
Կամ կա երկրորդ տարբերակը. թվարկված պատգամավորներն ու նախարարը, իրականում համաձայն են Վարդգես Գասպարիի պահանջների հետ, սակայն չեն համարձակվում ԱԺ նախագահի պատժի հարց բարձրացնել: Մնացել են լայքի հույսին: Երկու դեպքում էլ գործ ունենք անպատասխանատվության հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։