
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական քննությունները):
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
• դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
• վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` թարգմանված անգլերենով՝ նոտարական հաստատմամբ,
• բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
• անձնագրի պատճենը,
• ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
• բժշկական տեղեկանք (անգլերեն),
• 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 3-ից 21-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը՝ 10:00-17:00, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ. +37410-59-96-46)։
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Վրաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ուսման տարեկան վարձավճարը պետք է չգերազանցի 2250 վրացական լարին: Ամսական կրթաթոշակը կազմում է 300 լարի: Մրցույթի հաղթողների համար Վրաստանում կարող է կազմակերպվել գիտելիքների ստուգում` ըստ Վրաստանի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության նպատակահարմարության:
Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշմամբ:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին