
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ միայն ՔՊ-ական թեկնածուների, այլև երկրորդ, երրորդ տեղը զբաղեցնող ուժի առաջադրման հարցը, որ հետընտրական կոալիցիա կազմելով՝ իշխանություն ձևավորեն: Որովհետև ՔՊ-ն բավարար ձայներ չունի: Ըստ ամենայնի՝ Փարաքարում այդ դերը կստանձնի Գոռ Սարիբեկյանը, որը ՔՊ փրայմերիզի մասնակիցներից էր, Լյուդվիգ Գյուլնազարյանից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն։ Գյուլնազարյանը կգլխավորի ՔՊ-ն, իսկ Գոռի համար հարմար կուսակցություն են փնտրում։
Ուշագրավ վիճակ է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունում․ անցած ընտրությունների առաջատար, ԱԵ խորհրդի անդամ Վոլոդյա Գրիգորյանը, մեզ հասած տեղեկություններով, հակված չէ իր կուսակցության ցուցակով առաջադրվել: Կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի` Բաքվում գերության մեջ գտնվելը փոքրացրել է հաղթելու հեռանկարը, իսկ Վոլոդյա Գրիգորյանի հետ այլ ուժեր են բանակցում։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ դեռ վերջնական որոշում չունի, թե որ կուսակցությամբ է առաջադրվելու։ Նկատեցինք. տարօրինակ է, որ, լինելով «Ապրելու երկրի» անդամ, երկմտում է։ «Թողեք չմեկնաբանեմ, այդ մասը թողնենք ժամանակին...»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարող է ԱԵ ցուցակով գնա։
Փոխարենը ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց. «Իհարկե, մասնակցելու ենք, Վոլոդյան էլ մեր թեկնածուն է»։ Չորրորդ թեկնածուն էլ, ըստ ամենայնի, կլինի Դավիթ Մինասյանը, որը նախորդ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիայի արդյունքում երկուսուկես տարի կառավարեց համայնքը, ապա ղեկը փոխանցեց ՔՊ-ին և ինքը բանտ գնաց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: