Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև է ներկայացվել ԱՄՆ սենատին
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ-ի Սենատի քննարկմանն են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարից:
Բանաձևով նախատեսվում է ԱՄՆ նախագահին կոչ անել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ կեպով արձագանքի Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերին:
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու ֆոնին մենք սենատորներ Մենենդեսին ու Էնսայնին արժանին ենք մատուցում այս անժխտելի փաստը հաստատելու հարցում ցուցաբերած հետևողականության համար և ԱՄՆ-ին` մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության արդյունքում կենդանի մնացածներին սատարելու համար»,- այս կապակցությամբ հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Իրենց համատեղ նախաձեռնության առնչությամբ Ռոբերտ Մենենդեսն ասել է. «Մենք պատմությունից դասեր քաղել և այդ դասերի հիման վրա խաղաղ գոյակցել կարող ենք միայն այն դեպքում, երբ պատմության ամեանծանր շրջանները ճանաչվեն ու ընդունվեն: Մեկուկես միլիոն հայեր զոհերի դժոխային փորձություններին ու դրա քողարկումը վիրավորանք է նրանց հիշատակի ու նրանց ժառանգների հանդեպ»:
«Դժվար է հավատալ, որ այսքան տարի հետո միջազգային հանրությունը դեռ չի փաստել, որ հայ ժողովրդի բռնի տեղահանումը, էքսպրոպրիացիան, առևանգումները, կտտանքներն ու սպանությունները ցեղասպանություն են: Համախմբվելով ու պնդելով, որ Հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրականացվել, մենք միջազգային հանրությանը հստակ ազդակ ենք տալիս առ այն, որ աչք չենք փակելու հանցանքների վրա` միայն այն պատճառով, որ դրանք անցյալում են»,- իր հերթին նշել է Ջոն Էնսայնը:
Տեղեկացնենք, որ նմանօրինակ մեկ այլ բանաձև էլ շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում: Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Ադամ Շիֆի, Փրենկ Փալոնեի, Ջորջ Ռադանովիչի ու Մար Քըրքի այս նախաձեռնությանն ասյօրվա դրությամբ միացել են 134 կոնգրեսականներ: Ըստ որում, նրանցից 7-ը նախաձեռնությանը միացել են հայ-թուրքական արձանագրությունները հրապարակելուց հետո:
Տեղեկացնենք նաև, որ փաստը գտնվում է նաև Թուրքիա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես «Սաբահ» թերթն այս տեղեկատվությունը հրապարակել է «Օբամա, ճանաչիր Ցեղասպանությունը» վերտառությամբ: