ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հրաժարական է տվել
«Անակնկալ հրաժարական` Վաշինգտոնից». այս վերտառությամբ «Hurriyet»-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նաբի Շենսոյը հրաժարական է տվել:
Նշված աղբյուրի կայքէջում պարզաբանվում է թուրք դեսպանի հրաժարականի պատճառը: Այսպես` մինչև Սպիտակ տանը հանդիպման կայացումը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան կողմին ցանկություն էր հայտնել, որ Օբաման ու Էրդողանը հանդիպեն 1+1 ձևաչափով, որին ներկա կգտնվեն նաև երկու երկրների արտգործնախարարները: Սակայն երկուշաբթի օրը ծրագրված կես ժամանոց առանձնահանդիպման հատվածում արտգործնախարարները չեն ներառվել:
Պարզվել է` ամերիկյան կողմը տեղյակ չի եղել թուրքական կողմի ցանկության մասին: Այդ անհարթությունն առաջացրել է արտգործանախարար Դավութօղլուի խիստ դժգոհությունը: Այդ պատճառով էլ դեպսան Շենսոյը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է:
Նշվում է, որ 2 ամիս հետո Նաբի Շենսոյը պետք է անցներ թոշակի: Շենսոյն ԱՄՆ-ում որպես Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան, պաշտոնավարում էր 2006 թվականի հունվարից: