
Անհետաձգելի համարվող օրինագիծը մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ. «Ժառանգությունը» դեմ էր
Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ձայների մեծամասնությամբ դրական եզրակացություն տրվեց կառավարության կողմից ներկայացված և անհետաձգելի համարվող «Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»: Դեմ արտահայտվեց միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նկատենք, որ անհետաձգելի համարվող օրինագծերը պարտադիր մտնում էն ԱԺ օրակարգ, ուստի հանձնաժողովը պետք է եզրակացություն տար նախագծին:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագիծը խորհրդարանականներին, տեղեկացրեց, որ օրինագծում կատարված փոփոխությունը ենթադրում է միջազգային պայմանագրի կասեցում և դադարեցում:
Միջազգային պայմանագրի կասեցումը, Շավարշ Քոչարյանի բացատրելով, նշանակում է, որ այն կարող է ժամանակավորապես կասեցվել և չիրագործվել, իսկ դադարեցումն այն է, որ վերջնականապես դադարեցվում է այդ պայմանագրի իրականացումը:
Պայմանագրից դուրս գալու նախաձեռնություն կարող է հայտնել ՀՀ նախագահը, վարչապետը, արտգործնախարարը կամ իրավասու որևէ գերատեսչություն, որը ներկայացնում է հիմնավորումներ ԱԳՆ-ին: Իսկ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուն էլ տասնօրյա ժամկետում այդ հիմնավորումները ներկայացնում է երկրի ղեկավարին, որն էլ կայացնում է որոշում: «Մենք իրականում նոր բան չենք ներմուծում, այլ ընդամենը հստակեցնում ենք` ինչպես է դա արվում», -բացատրեց փոխնախարարը:
Ռուստամյանը փոխնախարարին հարցրեց` ինչու նախատեսված չէ, որ Ազգային ժողովն էլ պայմանագրից դուրս գալու մասին նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունենա: «Սովորաբար միջազգային պրակտիկայում ընդունված է, որ գործադիրը հանդես գա այդ նախաձեռնությամբ», -Ռուստամյանի հարցին ի պատասխան նկատեց Քոչարյանը և հավելեց, որ օրենսդրին նման իրավունք վերապահելու մասին հարց գործադիրը չի քննարկել:
Դաշնակցական պատգամավորը նաև նշեց, որ իրենք ևս պատրաստվում են այս օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ: Ու թեպետ ըստ Ռուստամյանի, Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում կան բազմաթիվ բացթողումներ, իսկ կատարված փոփոխություններն էլ լիարժեք չեն, այնուամենայնիվ նա կողմ քվեարկեց` դրական եզրակացություն տալով օրինագծին:
Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն իր դեմ քվեարկելը բացատեց նրանով, որ «այս օրինագիծը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական գործընթացի վրա»: «Սա ընդամենը ինչ-որ հրապարակավ արված հայտարարության և կներեք արտահայտությանս համար` դեմքը փրկելու հարց է», -հավելեց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ կայացած ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ համապատասխան կառույցներին հանձնարարել է նախապատրաստել լրացումներ հայաստանյան օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն:
Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ եթե Թուրքիան փորձի ձգձգել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, Հայաստանը կօգտվի իր միջազգային իրավունքից և կհայտարարի գործընթացից դուրս գալու մասին: