Վրաստանի հայկական համայնքը կոչ է արել Սահակաշվիլիին քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը
Վրաստանի հայ համայնքը դիմել է նախագահ Մ. Սահակաշվիլիին և խորհրդարանին` կոչ անելով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ինչպես տեղեկացնում են Վրաստանի հայկական համայնքից, օրինագծի նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով նամակներ են ուղարկվել երկրի ղեկավարին, խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև օրենսդիր մարմնի հայազգի պատգամավորներին:
Վերջիններին հայկական համայնքի ներկայացուցիչները կոչ են անում մինչև ապրիլի 24-ը խորհրդարանական նիստում հանդես գալ հայտարարությամբ և Վրաստանի խորհրդարանին կոչ անել հարգել 1915-1923 թթ. Հայոց ցողասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նախաձեռնության հեղինակներն են «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայկական համագործակցության կենտրոն» և Վրաստանի հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները:
Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ցեղասպանության հետևանքով իր պատմական Հայրենիքում ոչնչացվել է շուրջ 2 միլիոն հայ: Ցեղասպանությունը որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն, այդ պատճառով վաղեմության ժամկետները դրան չեն առնչվում:
Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ավելի քան 20 երկրի, ինչպես նաև միջազգային բազմաթիվ կազմակերպությունների կողմից, այդ թվում` Եվրամիության և Եվրախորհրդի: Ներկայում մի շարք երկրներում շարունակում է ընթանալ Հայոց ցեղասպանության քննարկման և ճանաչման գործընթաց (օրինակ` ԱՄՆ, Իսրայել, Իսպանիա, Բուլղարիա, Սերբիա և այլն):