Ընտրություններ վրացական ձևով. Տղամարդը հագուստը փոխել է և կրկնակի քվեարկել
Վրաստանի տարածքում այսօր կայացած ընտրություններն անցել են շատ կոպիտ ընտրախախտումներով: Քիչ առաջ կայացած ասուլիսում հայտարարեց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Վրաստանի ժամանակով ուղիղ ժամը 20:00-ին (Հայաստանի ժամանակով ժամը 21:00-ին) Վրաստանի տարածքում բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվում է ձայների հաշվարկ:
Ստեփանյանի ղեկավարած կազմակերպության 320 ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի Ախալքալակ և Նինոծմինդա շրջաններում ու բազմաթիվ տարաբնույթ ընտրախախտումներ գրանցել` երեսունհինգ բողոք են ստացել: Մեզ հետ զրույցում ներկայացնելով իրավիճակը, Ստեփանյանն ասաց, որ այսպես կոչված «կարուսել» է կիրառվել քվեարկության ընթացքում, շատ են եղել կրկնակի քվեարկության դեպքերը: «Մարնեուլիի շրջանում մի տղամարդ զգեստը փոխել է և եկել կրկնակի քվեարկել` մեր դիտորդներն են արձանագրել, -պատմեց Ստեփանյանն ու ընդգծեց, - Մենք պահանջում ենք, որ այդ երկու շրջաններում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն, քանի որ քվեաթերթիկների լցոնման ու քվեատուփիը թաքցնելու դեպք ենք գրանցել»: Ավելին, նրա խոսքով, այդ ամենը վկայող տեսագրություններ կան:
Բացի գրանցված խախտումները, բնակչության մասնակցության ցածր ակտիվություն է գրանցվել: «Ես չէի ասի, թե սրանք դեմոկրատական ընտրություններ էին», -շեշտեց Ստեփանյանը:
Թբիլիսին նույնպես անմասն չի մնացել ընտրախախտումներից: Այստեղ դիտորդական առաքելություն իրականացնող ոչ կառավարական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև ընդդիմության թեկնածուների նախընտրական շտաբները հրապարակել են ընտրախախտումների տեսակներն ու ձևերը:
Մասնավորապես, քաղաքապետի թեկնածու Իրակլի Ալասանիայի «Ալյանս Վրաստանի համար» ընդդիմադիր ուժը հայտարարել է, թե Թբիլիսիի որոշ ընտրատեղամասերում բռնի գործողություններ են կիրառվում ընտրողների վրա:
Իսկ ահա «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին» շարժման նախագահ Գոգա Թոփաձեն հայտարարեց, թե թբիլիսյան շրջաններից մեկում տեղակայված ընտրատեղամասի ընտրացուցակներում տասը հազար «մեռած հոգի» են հայտնաբերել:
Մեկ այլ բողոքի համաձայն, թբիլիսյան Սաբուրտալո կենտրոնական շրջանում գտնվող ընտրատեղամասի ընտրացուցակում հայտնաբերել են երեսուն տարի առաջ մահացած մարդկանց անուններ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում այսօր առաջին անգամ մարդիկ ուղղակիորեն քաղաքապետ էին ընտրում, ինչպես նաև քաղաքային խորհուրդ:
Որոշ ժամանակ հետո Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մարդկանց մասնակցության վերաբերյալ տվյալներ, իսկ առավոտյան արդեն պատրաստ կլինեն ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց մասին տեղեկություն Panorama.am-ը կհրապարակի արդեն առվոտյան: