Օտարալեզու դպրոցներ հիմնելու մասին օրինագծերը ԱԺ-ն կընդունի այն տեսքով, ինչպես ներկայացված են. ՀՀԿ
«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը, որոնք այս պահին քննարկվում են Ազգային ժողովում, ընդունվելու են այնպես, ինչպես ներկայացված են խորհրդարանում: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Մանվել Բադեյանը:
Հիշեցնենք` սրանք այն օրինագծերն են, որոնցով նախատեսվում է Հայաստանում բացել ընդհանուր առմամբ 15 օտար լեզվով ուսուցմամբ դպրոց: Դրանցում, ինչպես վստահեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայագիտական առարկաները դասավանդվելու են հայերենով: Ընդդեմ նման դպրոցների բացման հասարակական լայն շերտեր բողոքի մեծ ալիք են բարձրացրել ընդհուպ խորհրդարանի դիմաց ցույցեր կազմակերպելով, ինչպես նաև` սոցիալական ցանցերում:
Բադեյանն ասաց, որ հունիսի 7-ին տեղի ունեցած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում քննարկվել է օրինագծերն ընդունել կամ չընդունելու հարցը և միաձայն որոշվել է ընդունել դրանք:
Նկատենք, որ օրերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե օրինագծերն այս տեսքով չեն ընդունվելու ԱԺ կողմից և առաջին ընթերցումից հետո առաջարկվելու է օտար լեզվով ուսուցումն իրականացնել ավագ դպրոցում:
«Ես դեմ եմ լինելու, որ տարրական դասարաններից նման ուսուցում լինի: Լավագույնը, եթե մենք համաձայնենք, սա պիտի լինի միայն ավագ դպրոցում», -ասել էր ԱԺ նախագահը` նշելով, որ հանրապետության նախագահը պաշտպանելու է այդ տեսակետը:
Panorama.am-ը փորձեց Բադեյանից հետաքրքրվել` Հանարպետական կուսակցության ներսում այդ հարցի շուրջ տարաձայնություններ կա՞ն: «Բազմակարծությունը ցանկացած ժողովրդավարական համակարգում բնական բան է: Այո, կասկածներ եղել են, դրանք փարատվել են, և Հանարպետականի բոլոր պատգամավոր անդամները անկասկած կողմ են քվեարկելու ներկայացված օրինագծերին», -պատասխանեց Բադեյանը:
Նշենք, որ այս տեսքով խորհրդարան ներկայացված օրինագծին դեմ է արտահայտվել նաև կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Վերջիններս հայտարարել էին, թե օրինագծերին կողմ կքվեարկեն այն դեպքում, երբ փոփոխություն կատարվի, որի համաձայն օտար լեզվով կրթությունն իրականացվի ավագ դպրոցում:
Օրինագծերին դեմ են արտահայտվում նաև խորհրդարանական մյուս` «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան