Աղթամարի եկեղեցու գմբեթին սեպտեմբերի 19-ին խաչ չի լինելու
Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Miliyet) օրաթերթի` Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, խոսելով Վանա լճի Աղթամար կղզու հայկական պատմական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքների մասին, տեղեկացրել է, որ եկեղեցու գմբեթի համար նախատեսված 200 կիլոգրամանոց խաչը տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինի մինչև պատարագի օրը ամրակցել գմբեթին: Փոխարենը այցելուներն ուղղակի կկարողանա տեսնել խաչը` միայն թե ոչ գմբեթին:
Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հանդիպում է ունեցել Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուի հետ` սեպտեմբերի 19-ի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկանալու նպատակով: Նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Վանի առևտրաարդյունաբերական պալատում և քաղաքապետարանում: Քաղաքապետ Բեքիր Քայայը արքեպիսկոպոս Աթեշյանին հավաստիացրել է, թե իրենք սեպտեմբերի 19-ին հյուրամեծար ձևով հարգելու և պատվելու են Վան ժամանելիք հայ ուխտավորներին: