Արմեն Կապրիելյան. Առաջնահերթը հայ պատանդի դին հայրենիք վերադարձնելն է
Հայ ռազմագերիների, քաղաքացիական գերության և անհայտ կորածների հանձնաժողովի առաջնահերթ գործունեությունը Մանվել Սարիբեկյանի դին հայրենիք վերադարձնելն է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Առաջնահերթ աշխատում ենք այնպես անել, որ առանց ինչ-որ հիմար պատճառաբանումների, անհիմն ձգձգումների, հնարավորինս ժամանակին Սարիբեկյանի դիակը վերադարձնենք հայրենիք: Որովհետև ցավոք եղել են դեպքեր, որ անհիմն հետաձգել են նույնիսկ դիակի վերադարձը հայրենիք»,- ասաց նա:
Կապրիելյանը հիշեցրեց, որ վերջին անգամ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նախանցած տարի:
«2008-ին զինծառայող Գոռ Մինասյանի դին անհիմն, առանց պարզաբանման, առանց մեկնաբանման, առանց որևիցե հիմքի 11 օր պահեցին 12-րդ օրը դիակը ոչ համապատասխան պայմաններում պահված վիճակում վերադարձրին»,- ասաց հանձնաժողովի ղեկավարը:
Կապրիելյանը նաև տեղեկացրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նմանատիպ հարցերում հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ կազմակերպություն և, քանի որ դեպքը տեղի է ունեցել հայ պատանդի հետ Ադրբեջանում, ապա այդ երկրի իշխանությունները պետք է հավաստագիր, այսինքն` մահվան վկայական ներկայացնեն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին, ինչն առայժմ չի արվել:
«Դա էլ մենք կհամարենք մահվան փաստի պաշտոնական հաստատում: Մենք սպասում ենք այն բանին, որը մինչև տեղական ժամանակով ժամը 17:00 չի արվել »,- նշեց նա: