Իշխանությունը կողմնորոշվեց, իսկ ընդդիմությո՞ւնը
Կոալիցիայի անդամ կուսակցություններն այսօր ստորագրեցին համագործակցության վերաբերյալ նոր հուշագիր: Այս խնդրի շուրջ վերջին շրջանում տեղ գտած շահարկումներն ու ընդհանուր ինֆորմացիոն ֆոնը որոշակիորեն դժվարացնում են խորքային վերլուծությունն ու եղելությունը վերլուծելու փորձերը: Այնուամենայնիվ, դրա կարիքը կա՝ քանզի տեղի ունեցածը մի կողմից կարծես թե շարքային մի իրադարձություն է, իսկ մյուս կողմից` քաղաքական կոնֆիգուրացիա է նախանշում բավականին երկար ժամանակահատվածի համար:
Կատարվածը գնահատելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի` ի՞նչ խնդիր է լուծում նոր հուշագիրը և ինչո՞ւ էր այն անհրաժեշտ: Այս հարցի պատասխանը, երևի թե, պետք է փնտրել նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ տարվա` ՀՀԿ 20-ամյակին նվիրված ելույթում:
Այդ ժամանակ հանրապետության նախագահը խոսեց մի շարք սոցիալ-տնտեսական, համակարգային, քաղաքական ու աշխարհաքաղաքական խնդիրների մասին ու դրանց լուծումը հրատապ համարեց: Ի դեպ, հենց այդ ելույթում էլ նախագահը բառացի ասաց. «Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ»:
Նախագահի այս ելույթից հետո մասնագիտական շրջանակներում քննարկումներ սկսվեցին, որոնցում հիմնական արձանագրումները երեքն էին.
1. երկրի ղեկավարը համակարգային բարեփոխումների հարց է բարձրացնում,
2. բարեփոխումների այդ կուրսը բախվելու է համակարգի դիմադրությանը (սա անխուսափելի է բոլոր հասարակություններում),
3. բարեփոխումները հաջողություն կունենան միայն, եթե այն նախաձեռնող թիմը տեսանելի հեռանկարում կայուն լինի:
Ըստ երևույթին, հենց այս իրողություններն էլ առաջ բերեցին կոալիցիան ամրապնդելու անհրաժեշտությունը: Դա իր հերթին մեզանում առկա քաղաքական մշակույթի ու փորձի պարտադրանքն էր:
Հայաստանի անկախությունից ի վեր բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կառավարություն ձևավորել են մեկից ավելի քաղաքական ուժեր, որ հաջորդ ընտրություններին, այնուամենայնիվ որոշակի հեռավորություն են վերցրել ու խուսափել միասնական պատասխանատվությունից: Անուններ տալ պետք չէ, բայց կարելի է բազմաթիվ դեպքեր գտնել, երբ որևէ գործիչ կամ քաղաքական ուժ քննադատությամբ է խոսել մի առանձին ոլորտի կամ խնդրի մասին այն դեպքում, երբ իր նշած ժամանակահատվածում ինքն անձամբ կամ իր կուսակցությունն է դրա համար պատասխանատու եղել:
Հետևաբար` այսօր ստորագրված հուշագիրը այդ գործելակերպից հրաժարվելու խնդիր է լուծում. «Կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Այլ կերպ ասած` սահմանվում են խաղի նոր կանոններ:
Ստացվում է, որ հուշագիրն անհրաժեշտ էր ընտրություններից առաջ խաղի կանոնները (գոնե` իշխանության դաշտում) հստակեցնելու համար:
Այս իրողությունն արձանագրելուց հետո արդեն կարելի է անդրադառնալ այն աղմուկին, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղ էր գտել հայաստանյան մամուլում և այն որոշմանը, որ կայացրեցին կոալիցիայի անդամ ուժերը:
Նախ` վերջինի մասին. ՕԵԿ-ը վաղուց և մի քանի անգամ արդեն իսկ հայտարարել էր հուշագրում ամրագրված դրույթներին իր հավատարմության մասին, իսկ ՀՀԿ-ն սկզբունքորեն այս նախաձեռնության հեղինակն էր: Դատելով մամուլի հրապարակումներից` ԲՀԿ պատասխանն ուշացավ, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների հիմք դարձավ, ընդհուպ մինչև` կոալիցիայի փլուզման մասին կանխագուշակություններ:
Բայց հետագայում` թե գործընկերների հետ, թե ներկուսակցական քննարկումների արդյունքում ի վերջո որոշում կայացրեց միանալ:
ԲՀԿ-ի մոտեցման, կայացրած որոշման ու դրա դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններն առայժմ քիչ են: Ուստի, դատողություններ կարելի է անել միայն ենթադրությունների հիման վրա: Իսկ դրանք հուշում են, որ բոլոր դեպքերում, ԲՀԿ-ն կշռադատված և ռացիոնալ ընտրություն է կատարել: Հիմնավորումներն այս պարագայում բազմաթիվ են, բայց գլխավոր հարցադրումը մեկն է` որքանո՞վ էին պատրաստ ԲՀԿ առաջնորդները, այդ կուսակցության մեջ համախմբված անձինք դուրս գալ իշխանական համակարգից: Խնդիրը ոչ թե իշխանությունից, իշխանական լծակներից հրաժարվել-չհրաժարվելու, այլ իշխանական համակարգից դուրս գալու մասին է:
Ի վերջո, ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին նույնպես ձեռնտու էր խաղի կանոների հստակեցումն ու դրանց կայունությունը` այդ պայմաններում կուսակցությունը կարող է ավելիին ձգտել: Այս առումով հասկանալի է նաև, որ անցնող շրջանում որոշակի բանակցություններ էին ընթանում` ժամանակ առ ժամանակ հրապարակային դաշտ նետելով քննարկված կամ չքննարկված առանձին էլեմենտներ:
Մյուս կողմից անկասկած է, որ հուշագրի ստորագրման արդյունքում ԲՀԿ քաղաքական ներկայությունը ուժեղանում է: Այլ հարց է, որ Հայաստանում առկա քաղաքական մշակույթի պայմաններում այդ ուժեղացումը չի կարող կայանալ ուժերի փոխհարաբերության արմատական վերանայման ձևով: Բայց, միևնույն է, ԲՀԿ-ն այս ամենի արդյունքում շահած է դուրս գալիս և հենց այդ պատճառով էլ իր ընտրությունը կատարեց:
Եվ հիմա, երբ որոշումը կայացվել է, հուշագիրը ստորագրվել է, մնում է միայն խոսել ձեռքբերումների մասին: Այն մասին, թե ինչ ունեցան քաղաքական գործընթացի մասնակիցներն այս ամենի արդյունքում:
Ակնհայտ է, որ մի կողմում իշխանական կոալիցիայի ուժերն են, որոնք ներսում հստակեցնելով խաղի կանոներն,
ա/ այլևս կարող են համատեղ ուժերով մոբիլիզացնել իրենց էլեկտորատը
բ/ միասնական ջանքերով ձեռնամուխ լինել համակարգային փոփոխությունների:
Իսկ մյուս կողմում ընդդիմությունն` իր տարբեր խմբավորումներով, որոնք կոալիցիայի փլուզման թաքուն հույս փայփայելով ու հուսալով, որ կհամալրվի իշխանություններին քննադատողների բանակը: Ընթացքը ցույց տվեց, որ իրադարձությունները չզարգացան ընդդիմության (կամ` դրա մի հատվածի) ցանկալի սցենարով: Հետևաբար` այսօր ընդդիմությունն է կանգնած լուրջ մարտահրավերի առաջ. սեփական դաշտում հստակեցնել խաղի կանոնները, որպեսզի ընդդիմադիր էլեկտորատը չփոշիանա, այնպես, ինչպես վերջին խորհրդարանական ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները