Դիմավորեք և ողջունենք. Խորդի Քսուկլա ի Կոստա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կազմում, որի ղեկավարն է պրն. Մևլութ Չավուշօղլուն, վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, և նշանակվել է նոր նախագահ: Ենթահանձնաժողովը կղեկավարի Խորհրդարանի երիտասարդ անդամ պրն. Խորդի Քսուկլա ի Կոստան, ով վերջին 11 տարիների ընթացքում եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, որից 7 տարին` միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ:
Վերջին 3.5 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ի անդամ է: Իր կարիերայի ընթացքում մասնակցել է ընտրական դիտորդական առաքելություններին, օրինակ` Պաղեստինում, (հունվար 2006), ինչպես նաև օգոստոսյան պատերազմից հետո ԵՄ պատվիրակության հետ մեկնել է Վրաստան:
Պրն. Քսուկլա ի Կոստայի` Հարավային Կովկասի մասին կուտակած փորձը սահմանափակ է և, ինչպես քննադատներն են պնդում, այս փաստը իսպանացի նորեկի գալիք առաքելության կատարումն ավելի կդժվարացնի:
«Հարավային Օսեթիան, Աբխազիան և ԼՂ-ն հանդիսանում են ավանդական 3 սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասում»,- նշեց պրն. Քսուկլա ի Կոստան Panorama.am-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում պրն. Քսուկլա ի Կոստան հայտնել էր, որ որոշակի փորձ ունի հակամարտությունների լուծման գործում:
Panorama.am-ը խնդրեց նրան մանրամասնել, թե ինչպիսի համապատասխան գիտելիքներ և փորձառություն նա կարող է ներկայացնել` ի հավելումն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաքելությանը:
«Իմ կարծիքով` այս հարցազրույցի նպատակն իմ նախագծերը բացատրելն է (ԵԽԽՎ ենթահանձնաժողովում- Panorama.am ), սա (խորհրդարանական- Panorama.am) լսում չէ: Ես 37 տարեկան եմ և խորհրդարանում տասը տարվա աշխատանքային փորձ ունեմ»,- պարզապես ասաց նա` այդպես էլ չտալով բուն հարցի պատասխանը:
Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը նամակ էր հղել Բյուրոյի անդամներին` նշելով, որ «հայկական պատվիրակության համար կան [որոշակի] հիմքեր կասկածի տակ դնելու Բյուրոյի անկեղծությունը, անաչառությունը և ազնվությունը` հաշտություն փնտրելու մտադրություններում, ինչպես նաև այս չափազանց զգայուն խնդրում պատասխանատվության իրացման մեջ»: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե բոլոր հիմնական քաղաքական ուժերը դեմ էին արտահայտվել այս ենթահանձնաժողովի վերականգնմանը, քանի որ, նրանց կարծիքով, դա կխանգարեր Մինսկի խմբում ընթացքող քննարկումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները