Ղարաբաղի ենթահանձնաժողովի նախագահը պնդում է որ անաչառ է, թեև խոսում է կողմնակալորեն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նորընծա նախագահ պրն. Խորդի Քսուկլա ի Կոստան ասում է, թե որպես միջնորդ պատրաստվում է ցուցաբերել անաչառ և մասնագիտական մոտեցում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության հարցում:
Համալսարանում իրավաբանության դասախոս պրն. Քսուկլա ի Կոստան պնդում է, որ ԵԽԽՎ-ում հավանաբար կան խորհրդարանի շատ այլ անդամներ, որոնք տարածաշրջանին ավելի լավ են ծանոթ, սակայն նրանց մեղադրում են Ադրբեջանի կամ Հայաստանի հանդեպ իրենց կողմնակալ մոտեցման համար: Այդ իսկ պատճառով պրն. Քսուկլա ի Կոստան համոզված է, որ իր նշանակումը կբացառի նման մեղադրանքները, քանի որ նա այս հարցում շահագրգիռ կողմերից և ոչ մեկին չի ներկայացնում: «Ես ունեմ փորձ, սակայն երկու կողմերից և ոչ մեկից շահ չունեմ: Սա ինձ` որպես այս ենթահանձնաժողովի նախագահ ընտրելու պատճառներից մեկն է եղել»-ասաց Խուգլա ի Կոստան Panorama.am-ին տված հեռախոսազրույցում:
Ինչպես պարզաբանեց Քսուկլա ի Կոստան` ենթահանձնաժողովի թարմացված օրակարգը ենթադրում է, որ այս տարեվերջին կներկայացվի «եզրակացությունների նախագիծ»` տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ: «Այս շրջանում ես այնքան էլ շատ չեմ խոսի. սա է հաջողված գործողությունների պայմանը», հավատացրեց Քսուկլա ի Կոստան:
Պարզաբանող այն հարցին, թե արդյո՞ք այդ «եզրակացությունների նախագիծը» հիմք կհանդիսանա ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեկ այլ բանաձև ընդունելու համար, պրն. Քսուկլա ի Կոստան իր «անկողմնակալ» և «լավատեղյակ» դիրքորոշման «մի լավ ապացույց» բերեց: Նա մասնավորապես ընդգծեց, որ ԼՂ հակամարտությունը միջազգային իրավունքում հստակ արտահայտված դեպք է, որը, ըստ նրա, «վիճաբանություն է երկու [ինքնիշխան] երկրների միջև, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության [սկզբունքների - Panorama.am] միջև»:
Իր դիրքորոշումը պարզաբանելուն միտված մեկ այլ հարցից հետո նա հաստատեց, որ չի սխալվել և առաջարկեց նոր ապացույց է իր «անկողմնակալ» դիրքորոշման համար: «Ճիշտ այդպես», ավելացրեց նա, «սա հակամարտություն է երկու կողմերի միջև, ոչ ավելին… սա [կոնֆլիկտ է] Լեռնային Ղարաբաղի համար, որը անկախ գործոն չէ այս գործընթացում և հակամարտության մաս է հանդիսանում»:
Հաջորդ պատասխանով պրն. Քսուկլա ի Կոստան ավելի խորացրեց իր նախկին պնդումները: Panorama.am-ի հաջորդ հարցին, արդյոք նա ի նկատի ուներ, որ սա տարածքային հակամարտություն է միջազգային իրավունքի երկու սուբյեկտների միջեւ, այսինքն` տարածքային կոնֆլիկտ է, նա նշեց. «Ճիշտ այդպես»:
Կարելի է կարծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձգձգված առաքելությունը, որը Ադրբեջանի իշխանությունների համար սովորական թիրախ է հանդիսանում, ձեռք է բերել ևս մի գլխացավանք ի դեմս ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նորելուկի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները