Թե ինչու Թուրքիան մերժեց Հայաստանի պարզած օգնության ձեռքը
Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) օրաթերթի հոդվածագիր Զեյնեփ Գյուրջանլըն իր «Դրսից եկող օգնությունների գաղտնիքը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Վանի երկրաշարժից հետո աշխարհի տարբեր երկրների կողմից Թուրքիային առաջարկվող օգնության առաջարկներին: Հոդվածագիրը հատկապես ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե Թուրքիան ինչ սկզբունքով է որոշ երկրների առաջարկները մերժել, իսկ որոշներինը` ընդունել:
«Արտգործնախարարությունը նախ` բոլոր օգնության առաջարկներին «Շնորհակալ են, այս պահին օգնության կարիք չունենք» պատասխանելով մերժեց: Շատ լավ, այդ դեպքում ինչու՞ ընդունեցինք Ադրբեջանից ու Պակիստանից եկող օգնությունը: Եվ ի՞նչ սկզբունքով մերժվեցին մնացածները: ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը առաջինը օգնության ձեռք մեկնեցին: Իսկ Հասյատանի նախագահը նույնիսկ օգնության առաջարկով նամակ ուղարկեց Գյուլին»,- գրում է Գյուրջանլըն:
Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ այս հարցը փորձել է պարզել Թուրքիայի ԱԳՆ-ից և ստացել է հետևյալ պատասխանը. «Ադրբեջանն ու Պակիստանն առանց հարցնելու են օգնություն ուղարկել և միայն տեղեկացրել են մեզ, որ փրկարար խմբերը ճանապարհին են: Այնպես որ, մենք չէինք կարող չընդունել ուղարկված օգնությունը»:
Նկատենք, որ Թուրքիայի ԱԳՆ այս հայտարարություն-պարզաբանումը առնվազն տարօրինակ կարելի է որակել: Բոլորին, այդ թվում և Թուրքիային հայտնի է, որ օգնություն ուղարկելու համար մի շարք տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն: Անհնար է, առանց դրանք նախապես լուծելու որևէ օգնություն հասցնել այդ երկիր: