Իտալիայի նախագահ. Երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանրապետության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ մեծ սիրով է հիշում Իտալիայի միավորման 150-ամյակի առթիվ իր այցը բարեկամ Իտալիա և մասնակցությունը տոնական միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ հայ գրատպության 500-ամյակի մեկնարկը՝ Վենետիկի ցուցահանդեսը, անցկացվում է Նախագահ Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո: Այս կապակցությամբ Իտալիայի նախագահն ասել է, որ Վենետիկը հայերի համար մեծ դերակատարություն է ունեցել՝ հատկապես կրթության, մշակույթի զարգացման առումով կարևոր հենման կետ դառնալով: Ըստ Իտալիայի նախագահի, երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն: Հանդիպման ժամանակ երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանի նախագահի աշխատանքային այցը լավ հնարավորություն է բարձր մակարդակով քննարկելու հայ-իտալական հարաբերությունները, ուրվագծելու համագործակցության նոր և հեռանկարային ոլորտներ: Հայաստանի և Իտալիայի նախագահներն այդպիսի ոլորտներ են համարել էներգետիկան, մասնավորապես՝ այլընտրանքային, նաև ատոմային էներգետիկան: Նախագահ Սերժ Սարգսյանը իտալական ընկերություններին ևս հրավիրել է մասնակցելու Հայաստանում իրականացվող ծրագրերին, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցմանը՝ նկատի առնելով այս բնագավառում Իտալիայի փորձը:
Երկու երկրների ղեկավարները տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են գործարարների հաճախակի շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, որի շուրջ Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարներն այսօր առավոտյան ունեցած հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Նախագահ Նապոլիտանոն հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումների ներգրավման, երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:
Սերժ Սարգսյանը և Ջորջիո Նապոլիտանոն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին