Սիրունյան. Վանո Սիրադեղյանի հետ չեմ խորհրդակցել
«Մարտի 1»-ի գործով դատապարտված և 2009-ին ԱԺ համաներում կիրառելու մասին որոշմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը, ով շատերին հայտնի է «Վանոյի ճուտ» մականվամբ, մտադիր է հետ վերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված իր գանգատը: Panorama.am-ի հետ զրույցում Սիրունյանն ասաց, որ գանգատը հետ վերցնելու դիմումը պատրաստելու համար սպասում է իր փաստաբանին` Վարդուհի Էլբակյանին, ով այժմ Հայաստանում չէ: Սիրունյանի հետ գանգատը հետ վեևցնելու մտադրություն ունեն ևս մի քանիսը, ովքեր մարտյան դեպքերից հետո անազատության մեջ են հայտնվել: Սիրունյանը ոչ նրանց անունները նշեց, ոչ էլ հստակ թիվ ասաց:
Վանո Սիրադեղյանի մտերիմ համարվող Ս. Սիրունյանից հետաքրքրվեցինք, թե համաձայնեցնում է իր գործողությունները Վ. Սիրադեղյանի հետ: «Ես այս օր էլ համարում եմ, որ գտնվում եմ Վանո Սիրադեղյանի կողքին: Ես կարծում եմ, որ այսօր ինքը տեղյակ չի, թե ինչ պրոցեսներ է կատարվում Հայաստանում: Ես Վանո Սիրադեղյանի հետ խոսելու հնարավորություն չունեմ: Վանո Սիրադեղյանից նամակներ մենակ կոնգրեսականներն են ստանում: Ես Սիրադեղյանի հետ խորհրդակցելու կարիք չունեմ: Եթե նա լիներ Հայաստանում, ես անպայման նրա հետ կխորհրդակցեի»,-ասաց Սիրունյանն ու ավելացրեց, որ միանշանակ կերպով ինքը ինքնուրույն է այդ որոշումն ընդունել:
Նա հերքեց այն լուրերը, թե ինքը իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվել: «Եթե իշխանությունը ճնշեր, երկու տարի առաջ կճնշեր»,-ասաց զրուցակիցը:
Ս. Սիրունյանը նաև պատմեց, որ կոնգրեսականներին իր մտադրության մասին չի հայտնել, նրանք իմացել են մամուլից, արձագանքն էլ սպասելի էր: «Մի քանի անգամ ծախված մարդկանցից մեկը հայտարարություն է արել, թե ներկա իշխանությանն եմ ծախվել: Մարդ, որ միշտ իշխանության հետ գործարքի մեջ է եղել»,-ասաց Սիրունյանը:
Panorama.am-ի հետ զրույցում նա իր որոշումը բացատրեց նրանով, որ ՀԱԿ-ի համար ինքն ու մյուսները գործիք են ծառայել: «Գանգատը ներկայացնելուց հետո` այս տարիների ընթացքում տեսել եմ Կոնգրեսի կատարած քայլերը, դրանից եզրակացրել եմ, որ Ես պետք չէ գործիք դառնամ նրանց ձեռքին: ՀԱԿ-ում այսօր կան լավ մարդիկ, որոնք հետո կհասկանան այդ»,-նշեց Սիրունյանը, ապա ավելացրեց, որ ինքը այլևս քաղաքական ոչ մի ուժի չի անդամակցելու, այդ թվում «Ազատ դեմոկտրատներ»-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում