Արթուր Բաղդասարյանը խորհրդարանում ծանրակշիռ ներկայացվածության հույս ունի
«Օրինաց երկիր» կուսակցության ներսում ցուցակների հետ կապված որևէ տարաձայնություն չկա: «Դրա մեջ կլինեն և երիտասարդներ, և հնաբնակներ, արդյունավետ համադրում կիրականացնենք», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Պատասխանելով ՕԵԿ-ի վարկանիշի անկման մասին վկայող սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ հարցին, Բաղդասարյանն ասաց, որ դրանք պատվիրված են և թելադրված պատվիրողի ցանկություններով: «Շատ հարցումներով Օրինաց երկիրը դրական արդյունքներ ունի, այնպես որ մենք մեր հնարավորությունները շատ լավ ենք գնահատում»,- հավելեց ՕԵԿ-ի նախագահը:
Նա հիշեց, որ երբ նախագահի թեկնածու էր, «բոլորն ասում էին, թե Բաղդասարյանը մեկ տոկոս ձայն կստանա, բայց ստացա շատ ավելի չէ՞»: «Մեր մոտեցումը հստակ է` մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, մենք կբավարարվենք այն իրական հանրային աջակցությամբ, որը կտա մեզ ժողովուրդը, այդ աջակցությունը բարձր է», -հավելեց Բաղդասարյանը:
Հարցին, թե մոտավորապես ինչքա՞ն տեղ է ակնկալում ՕԵԿ-ի ղեկավարությունը կազմավորվելիք խորհրդարանում, Բաղդասարյանն ասաց, որ չէր ուզենա թվեր նշել ու հավելեց. «Բայց կունենանք ավելի ծանրակշիռ ներկայացվածություն, ավելին քան հիմա է: Մեր ռեալ հնարավորությունը չափազանցեցված չէ, այլ փաստարկված է: Ունենք 120 հազարից ավելի անդամ, 150 շտաբ»: