Ֆարմանյան, Նուշիկյան, Տոնոյան. առաջադրումների քանակը կտրուկ ավելացել է
Այսօր, մարտի 14-ին, պատգամավորության թեկնածուների առաջադրման 3-րդ օրը մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների թիվը կտրուկ ավելացել է: Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքէջից:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի թիվ 2 ընտրատեղամասում առաջադրել է Հայաստանի հեռուստառադիոընկերության լրատվական վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը: Այս ընտրատարածքում նախօրեին ինքնաառաջադրվել էր անկուսակցական Ալբերտ Սարգսյանը:
Թիվ 3 ընտրատարածքում թեկնածուներ են առաջդրել և ԲՀԿ-ն, և ՀՀԿ-ն. առաջինն այստեղ առաջադրել է «Քեթրին» բարեգործական ՀԿ նախագահ Արթուր Ստեփանյանին, իսկ ԲՀԿ-ն ԱԺ ներկայիս պատգամավոր Աշոտ Տոնոյանին («Տոնուսի Աշոտ»)
Արաբկիր համայնքի մի մասն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել է Արտակ Սարգսյանը («Սասի Արտակ»), որը «Արտակ Սրագսյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է: Նրան առաջադրել է ՀՀԿ-ն: Այս ընտրատարածքում նկատենք, որ առաջադրվելու ցանկություն ունի նաև ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, իսկ պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է նախկին ՀՀՇ-ական Սուրեն Սիրունյանը:
Թիվ 5 ընտրատարածքում դարձյալ Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Արթուր Գևորգյանի թեկնածությունը. վերջինը Դավիթաշեն համայնքի ղեկավարն է:
Երևանի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվել է հայաստանի գլխավոր դատախազի եղբայրը՝ Աջափնյակ համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը:
Երևանի թիվ 9 ընտրատարածքում, ինչպես նախորդ ընտրություններում, Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է Ռուբեն Սադոյանը:
Երևանի թիվ 10 ընտրատարածքում նախօրեին առաջադրված Խաչատուր Սուքիասյանին այսօր միացավ Գարեգին Նուշիկյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն:
Թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի վարչական շրջանի մի մասը, ՀՀԿ-ն առաջադրել է Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) թեկնածությունը:
Թիվ 14 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել է «Սևան» գյուղական մարզական հանրապետական խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանին:
Թիվ 16 ընտրատարածքում դեռևս առաջադրվել է ԲՀԿ-ի թեկնածուն՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը:
Թիվ 18 ընտրատարածքում առաջադրվել են դեռևս երկուսը՝ մեկը ՀՅԴ-ից՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը և անկուսակցական «Երասխի» գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանը:
Թիվ 20 ընտրատարածքում այսօր առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը. նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:
Թիվ 19 և 35 ընտրատարածքներում արդեն տեղեկացրել էինք, որ առաջադրվել էին ԱԺ պատգամավորներ Սեդրակ Սարոյանը և Սամվել Բալասանյանը՝ ԲՀԿ-ից: