Ն.Զոհրաբյան. Եթե Վ.Օսկանյանը միացել ու ստորագրել է, ապա դա եղել է Գ. Ծառուկյանի իմացությամբ ու լիազորությամբ
«Որոշ կուսակցություններ ուղղակի առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե լավ գիտեն, թե ինչ է ներկուսակցական ժողովրդավարությունը: Բայց, իրականում, ես խորհուրդ կտայի նրանց տարբեր ամբիոններից ներկուսակցական ժողովրդավարության մասին հայտարարելուց առաջ մի փոքր մտածել»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի քաղաքագետների միությունում այսօր տեղի ունեցած քննարկման զարգացումները, ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, կուսակցության քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, ՀՔՄ-ում մի շարք քաղաքական ուժեր այսօր ընդունել են համաձայնագիր` միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթների մասին: Նախորդ նիստի ժամանակ այն լքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` նախաձեռնությունը որակելով «ռոմանտիկ»: Այսօր էլ նմանատիպ վարքագիծ դրսևորեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` պայման դնելով, թե համաձայնագրին մասնակից չորս կուսակցությունները առաջին դեմքերի մակարդակով պետք է ստորագրեն այդ փաստաթղթի տակ (հատկապես շեշտելով Գ. Ծառուկյանի ստորագրության անհրաժեշտությունը, քանզի վերջինիս ստորագրությունը առկա է նաև կոալիցիոն հռչակագրում), այլապես «Ժառանգությունը» կքննարկի շտաբից ընդհանրապես դուրս գալու հարցը:
Նշենք, որ այդ պայման-առաջարկին համաձայնություն են հայտնել ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ ահա ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Օսկանյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այդ հարցը չի քննարկել:
«Եթե պարոն Օսկանյանը միացել է այդ նախաձեռնությանն ու ստորագրել այն, նշանակում է, որ դա եղել է Գագիկ Ծառուկյանի իմացությամբ ու լիազորությամբ, քանի որ այլ կերպ մեր կուսակցությունում չի կարող լինել. ընդունված չէ»,- շեշտեց տիկին Զոհրաբյանը:
Նա նաև եզրակացրեց, որ գուցե Ռ.Հակոբյանի հեռանալն ու նման պայման դնելը, ուղղակի պատրվակ է ձեռք բերված պայմանավորվածությունից խույս տալու.
«Իսկ եթե դա այդպես է, ապա պետք չէ անհասկանալի կեցվածք ընդունել ու անհասկանալի պատճառաբանություններ առաջ քաշել, քանզի բոլորիս համար էլ պարզ ու հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան: Ավելին` գաղտնիք չի նաև այն, թե որտեղից են, իրականում, իջեցվում «Բարգավաճ Հայաստանի» դեմ ելույթներ ունենալու պետական պատվերները»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ն. Զոհրաբյանը ևս մեկ անգամ կրկնեց. եթե կան կուսակցություններ, որոնցում վավեր համարվում է միայն կուսակցության նախագահի խոսքը ու նրա ստորագությունը, ապա ճիշտ կլինի, որ նման ուժերը ներկուսակցական ժողովրդավարության մասին քիչ խոսեն:
Նախորդող հրապարակում` «Ժառանգության» առաջարկն ընդունվեց ԲՀԿ-ի խմբագրությամբ` առանց «Ժառանգության» ներկայացուցչի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում