Դեմկուս. Պետության ներգրավվածությունն անհրաժեշտ է այնքանով, ինչքանով պետք է
«Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք մեկ-երկու անհատի խնդիր չէ»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը: Ըստ բանախոսի, Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա երկրի տերը, և դրա համար պետք է փոխվի նաև պետությունը. այն պետք է դառնա սոցիալական պատասխանատվություն ունեցող: «Մենք պետք է հարգենք մեր քաղաքացուն»,- հայտարարեց նա, նշելով, որ կուսակցությունն առաջարկում է հստակեցնել Սահմանադրության մեջ այն դրութը, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: «Այն պետք է փոխվի «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պատասխանատվություն է կրում քաղաքացու և հասարակության առջև» բառերով:
Ներկայացնելով կուսակցության մոտեցումները` Ա.Գյուրջյանը շեշտեց, որ կուսակցությունը հանդես է գալիս կոնկրետ գաղափարախոսությամբ, այն է` ներկայացնում է դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը: «Պետության ներգրավվածությունն անհրաժեշտ է այնքանով, ինչքանով պետք է, մասնավոր սեկտորի մասնակցությունն այնքանով, որքանով հնարավոր է: Եթե պետությունն ունենա պատասխանատվություն և քաղաքական կամք, ապա ամեն բան իր տեղում կլինի»,- պարզաբանեց նա:
Միաժամանակ բանախոսն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցելը որևէ պաշտոնների ակնկալիք չի պարունակում, բայց նշեց, որ խորհրդարան ընտրվելու դեպքում Դեմկուսը շեշտադրումներ կանի սոցիալական, մշակութային և արտաքին քաղաքականության ոլորտների շուրջ: «Մեր նպատակը ոչ թե աթոռներ զբաղեցնելն է, այլ՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելը», - ասաց նա, հավաստիացնելով, որ Դեմկուսի մարդկային ռեսուրսները բավարար են՝ բոլոր ոլորտներում լավ աշխատելու համար: Ա.Գյուրջյանը նաև կարևորեց հանրության լայն խավերի կողմից էկոլոգիական կրթություն ստանալը` նշելով, որ կոնկրետ խնդիրները պարզ կլինեն բնապահպանության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով ընտրացուցակին, Ա.Գյուրջյանը հիշեցրեց, որ այդտեղ ընդգրկված են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, փախստականի կարգավիճակ ունեցող անձ: Նրա խոսքով, ցուցակում ընդգրկվել են փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ, իսկ երիտասարդների ներգրավվելը չպետք է լինի ինքնանպատակ:
Գնահատելով այս տարվա քարոզարշավը, Դեմկուսի ներկայացուցիչը նկատեց, որ այն որակապես տարբերվում է նախորդներից: «Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, երկխոսում նրանց հետ: Մեր քարոզարշավը տարբերվում է քարոզարշավի տրադիցիոն ձևերից, քանի որ մեր քարոզարշավը վերածվում է քննարկման»,- ասաց Ա.Գյուրջյանը: Միաժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ այլ քաղաքական ուժերի պարագայում նկատելի է, որ անձերի փիառի մասին ավելի շատ է խոսվում, քան ծրագրերի: «Կարծես` անձերի «ռասկրուտկա» լինի, ինչպես շոու բիզնեսում, որը մտահոգիչ է, քանի որ պետք է ընդգծել անձի կերպարի բովանդակությունը», - ասաց նա:
Խոսելով ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի լուսաբանման մասին, Դեմկուսի ներկայացուցիչը նշեց, որ այս ընտրություններում նկատվում է դրական միտումների և օբյեկտիվության ավելի մեծ տոկոս, ինչը ողջունելի է:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ ՀԴԿ-ն օգտագործում է համացանցի ռեսուրսը, համացանցով անցկացնում իր սեփական սոցհարցումները: «Ես գտնում եմ, որ դա այդքան սկզբունքային չէ, որքան անմիջական երկխոսությունը քաղաքացիների հետ»,- նկատեց նա:
Գնահատելով կուսակցության շանսերը, Դեմկուսի անդամն ասաց, որ հաղթանակն է այն որակական փոփոխությունը, որն ուզում է տեսնել կուսակցությունը: «Մենք մեր հույսը դնում ենք 30 տոկոս կազմող այն մարդկանց վրա, ովքեր ճնշումների չեն ենթարկվում և կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները