Գայանե Առուստամյանը պահանջում է, որ Հայրապետյանը հրապարակավ ներողություն խնդրի
Երևանի թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի մրցակից լրագրող Գայանե Առուստամյանն այսօր հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանը «վախեցել է» բանավիճել իր հետ. «Վախեցել է գալ ինձ հետ բանավիճելու, քանի որ ինքն էլ գիտի, որ հաստատ պարտվելու է, որովհետև չունի ո'չ համարժեք բառապաշար և ո'չ էլ քաղաքական հասունություն, և հենց այդ պատճառով է մրցակից թեկնածուի` կին լինելու հանգամանքը վկայակոչել` որպես խուսափելու պատրվակ»,- իր ֆեյսբուքան էջում է գրել է Առուստամյանը:
Հիշեցնենք, որ վերջին ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ուզում բանավիճել թիվ 1 ընտրատարածքում իր մրցակից Գայանե Առուստամյանի հետ, որովհետև նա կին է: «Ոճից հասկանում եմ, որ նմանվում ա Նիկոլին, էդ ղժղժալ բան, իրոք վախենալու ա, կին ա՝ հանկարծ վեր կացավ, ճանկռեց»,- ասել էր նա։
«Ռուբեն Հայրապետյանը, եթե ինչ-որ հեռավոր պատկերացումներ ունի օրենքների և իրավունքների մասին, պարտավոր է ինձ հետ բանավիճել` օրենքով սահմանված կարգով, և այն օենքների պահանջով, որոնք որպես ժողովրդավարական երկիր հորջորջվող Հայաստանի նախագահացու` ամեն վայրկյան վկայակոչում է նրա կուսակցապետը: Այլապես Ռուբեն Հայրապետյանի պատասխանն ինձ գնահատում եմ որպես վիրավորանք, թեկնածուի և կնոջ իրավունքների ոտնահարում, և պահանջում, որ նա ինձանից ներողություն խնդրի հրապարակավ, ինչպես հրապարակավ հայտարարել է, որ ես իրեն կարող եմ ճանկռել և այլն»,- գրում է Գայանե Առուստամյանը:
Հայրապետյանը նաև ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է բանավիճել Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի բոլոր տասն անդամների հետ: «Խնդրեմ, իրանք տասը հոգով, ես` մենակ»,- ասել էր նա:
Այս հայտարարությունը ևս Գայանե Առուստամյանը անպատասխան չի թողել և նշել է. «Ինչ վերաբերվում է ամբողջ ՀԱԿ առաջին տասնյակին` բացառությամբ իր ընկեր Արամ Սարգսյանի, միաժամանակ բանավեճի հրավիրելու` նրա մեծամտությանը, ապա սա արդեն ակնհայտ ցինիզմ է մտավոր շատ համեստ կարողություններ ունեցող այն հանրապետականի համար, որը ամիսներ շարունակ հայտարարում է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը և պնդում, որ Խորհրդարանն իր տեղը չէ, և տեղում ապացուցում, որ իր կամքը գռոշի արժեք չունի, քանի որ հլու կատարում է իր կուսակցապետի կամքը»:
Այս ընտրատարածքում Հայրապետյանից ու Առուստամյանից բացի առաջադրվել է նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա