«Լֆիկական Օսվենցիմի ազատագրումը մեր խնդիրն է լինելու». Փաշինյանը` երեկվա միջադեպի մասին
«Այն մարդիկ, ովքեր խոչընդոտներ են հարուցել, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, համենայնդեպս ներկայացել են այդպիսին», -այսօր ասուլիսում հայտարարեց թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ խժդժություններ հրահրած կանայք շենքի բակ էին իջել պայուսակներով, և արդեն տեղեկություններ կան, որ նրանցից ոմանք աշխատում են Սամվել Ալեքսանյանի (լֆիկ Սամո) ձեռնարկություններում: Ավելին, նրա խոսքով, կանանցից ոմանք «ջերմագին ողջագուրվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի հետ»:
«Լֆիկական ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա Սեբաստիա համայնքը տեղ-տեղ երևում է որպես մերօրյա Օսվենցիմ: Լֆիկական օսվենցիմի ազատագրումը մեր խնդիրն է լինելու: Թիվ 7 ընտրատարածքում իմ և ՀԱԿ-ի հաղթելու շանսերը հսկայական են, այս ասուլիսից հետո շարունակելու եմ իմ քարոզարշավը այդ համայնքում», -հայտարարեց Փաշինյանը:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկվա կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ երեկ, ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական քարոզչություն իրականացնելիս` պատգամավորության երեք թեկնածու էր ծեծի ենթարկվել` Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Բաբկեն Գարոյանը և Զոյա Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում