Իրանական կայք. Ադրբեջանն Իրանի թշնամու ոտքերի տակ կրկին կարմիր գորգ է փռել
Ադրբեջանն Իրանի թշնամու ոտքերի տակ կրկին կարմիր գորգ է փռել: Այդ մասին նշված է իրանական «Ասրիրան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Բաքու կատարած այցելությանը, նշում է, որ իսրայելցի պաշտոնյան այն ժամանակահատվածում է այցելում Ադրբեջան, երբ իրանա-ադրբեջանական հարաբերությունները վերջին ամիսներին գտնվում են լարված իրավիճակում:
«Լիբերմանն այն հանգամանքում է մեկնում Բաքու, երբ վերջերս ամերիկյան «Ֆորին Պոլիսի» պարբերականը տեղեկացրեց, որ Իսրայելն Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանի տարածքը կօգտագործի Իրանի դեմ. Բացի այդ, վերջերս Ադրբեջանը հայտարարեց, որ Իսրայելից 1.6 միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկա է գնել»,-գրում է իրանական աղբյուրը:
Նկատենք, որ օրերս Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին, անդրադառնալով Իսրայելի հատուկ ծառայությունների՝ Ադրբեջանում ծավալող գործունեության մասին հարցին, նշել էր, որ այդ առնչությամբ Իրանն ունի հստակ փատեր, և եթե դրանք չլինեին, ապա իրանցի պաշտոնյաները երբեք դրանց մասին չէին բարձրաձայնի:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Ադրբեջանում ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:
Նախորդող տեղեկատվություն՝ «ՖԱՐՍ». Իրանական հետախուզությունն իսրայելական ահաբեկչական ցանց է բացահայտել
Իրանական ԶԼՄ-ները «Իսլամական կոնֆերանս»-ի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի երկակի քաղաքականության վրա