Մեր մանդատները ստացել ենք ժողովրդի զուլալ ձայնով. Լևոն Զուրաբյան
5-րդ գումարման Ազգային ժողովում Հայ Ազգային կոնգրես խմբակցության կազմը պատրաստ է, և անկախ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելուց, ՀԱԿ-ը չի հրաժարվի մանդատներից: Այդ մասին այսօր ՍԴ-ում նիստի ընդմիջմանը հայտարարեց ՀԱԿ համակարգող, նույն խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր քննում է մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումը: Դիմող կողմին ներկայացնում են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Մեր մանդատներն անվիճելի են, դրանք մենք ստացել ենք ժողովրդի զուլալ ձայնով: Միակ քաղաքական ուժն ենք, որ մանդատները ձեռք ենք բերել ոչ ընտրակաշառքով, ոչ սպառնալիքներով, ոչ էլ այլ ապօրինի եղանակով: Դեռ ավելին, մենք գնում ենք մեր մանդատները ետ բերելու, մենք ժողովրդի հետ շփվել ենք ոչ թե կաշառքներով, այլ քաղաքական մեսիջներով»,- հայտարարեց Զուրաբյանը:
Նա պարզաբանեց, որ իրենք չեն դադարեցնի փողոցային պայքարը և արտախորհրդարանական ընդդիմությունից չեն վերածվի խորհրդարանական ընդդիմության:
«Միանշանակ ասում եմ՝ ոչ, մենք շատ շուտով, կառավարության ձևավորումից հետո, կանցկացնենք մեր հերթական հանրահավաքը, որովհետև լուրջ ասելիք ունենք ժողովրդին, և մեր փողոցային պայքարը շարունակվելու է ուղիղ այնքան ժամանակ, մինչև Հայաստանում տեղի կունենան ազատ ընտրություններ, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքական պայքարը տեղափոխել պառլամենտ», -պնդեց Կոնգրեսի համակարգողը:
Ինչ վերաբերում է ՍԴ-ից իրենց ակնկալիքներին, Զուրաբյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը «ընդամենը այս ռեժիմի կցորդն է», որն արդեն մի քանի անգամ ապացուցվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա