Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան. Նախագահի թեկնածուները` ըստ Մարտիրոսյանի
Քաղաքական դաշտի մասնակիցները գալիս են այն համոզման, որ երկրում պետք են սահմանադրական փոփոխություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Կիսանախագահական համակարգը պետք է իր տեղը զիջի պառլամենտական համակարգին: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, իսկ համակարգային փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն կառավարման համակարգի փոփոխությունների պայմաններում»,-նշեց բանախոսը:
Մարտիրոսյանն այն համոզմանն է, որ ընտրություններից առաջ խոստացված բարեփոխումների իրականացման ընթացքը ԵՄ գործընկերներին չի բավարարում, և, ըստ Մարիտիրոսյանի, եվրոպացիները, նոր նշաձող են սահմանել` նախագահական ընտրություններ:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա խորհրդարանական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն ասաց, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրությունների հետ սպասվում է նոր կառավարության ձևավորում:
Մարտիրոսյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածու կարող է լինել «Ժառանգության» առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը, նա հնարավոր համարեց նաև Վարդան Օսկանյանի առաջադրումը: Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ ընտրություններին կառաջադրվի նաև գործող նախագահը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելուն, ապա Մարտիրոսյանը նշեց. «Չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ ՀԱԿ-ում չեմ տեսնում այլ թեկնածու, որը ոչ միայն խարզմատիկ լինի, այլև միանշանակ ընդունվի հենց ՀԱԿ-ի ներսում»: