«Ժառանգության» անդամներին Զուրաբյանը խորհուրդ է տալիս այլ աշխատանք փնտրել
«Վերջին շրջանում «Ժառանգություն» կուսակցության և խմբակցության ներկայացուցիչները իրենց են վերագրել Հայ Ազգային կոնգրեսի խոսնակների դերը: Ես իրենց խորհուրդ կտայի այլ աշխատանք փնտրել: Այլ աշխատանքի մեջ կարող է հաջողեն», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի այսօրվա հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի 2013-ի նախագահական ընտրություններում:
Հարցին, թե Կոնգրեսը կարո՞ղ է այս պահին հայտարարել` առաջադրվելո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, Զուրաբյանը պատասխանեց. «Հայ Ազգային կոնգրեսը լուրջ քաղաքական թիմ է և նախագահական ընտրություններին մասնակցության հետ կապված հարցերին կպատասխանի ժամանակին` աշնանը»:
Զուրաբյանի խոսքով, նախագահական ընտրություններում պետք է «կոնսոլիդացնող պոտենցիալ ունեցող թեկնածու» լինի, որը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Ես այլ հավասար թեկնածու չեմ տեսնում, որը կարողանա կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը», -հավելեց Զուրաբյանը` ընդգծելով, որ դա իր «էքսպերտային գնահատականն է»: Բացի այդ, Զուրաբյանի խոսքով, «նպաստավոր պայմաններ» են պետք, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանն հայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին: Իսկ «նպաստավոր պայմաններ» կարող են լինել և արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը, դասավորությունները «պառլամենտում, փողոցում, միջազգային իրավիճակը, տնտեսական վիճակը, սոցիալական դժգոհության չափը»: «Նա պետք է վերլուծի իրավիճակը և նոր միայն որոշում ընդունի», -հավելեց Զուրաբյանը:
Ավելին, ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ընդդիմադիր բոլոր ուժերի, այդ թվում նաև ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը հնարավոր է: «Այն ընդդիմադիր ուժերը, որոնք համախմբվում են Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, կարող են համախմբվել միասնական թեկնածուի շուրջ: Շատ հավանական եմ համարում, որ այդ միասնական թեկնածուն լինի Լևոն Տեր-Պետրոսյանը», -հայտարարեց Զուրաբյանը:
Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան. Նախագահի թեկնածուները` ըստ Մարտիրոսյանի