Սիրիացի դիվանագետն այսօր դեսպանություն չի ներկայացել, իսկ ԱԳՆ-ն նրանից հայտագիր չի ստացել
Հայաստանի արտգործնախարարությունը Սիրիացի դիվանագետի վերաբերյալ այս պահի դրությամբ որևիցե հայտագիր չի ստացել: Այդ մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ լրատվության հետ կապերի պատասխանատու Տիգրան Բալայանը:
Նշենք, որ նախօրեին արաբական մի քանի լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոսն անցել է այդ երկրի ընդդիմության կողմը:
Հայաստանում Սիրիայի դեսպանատնից Panorama.am-ին տեղեկացրին, որ տեղեկությունը վերաբերում է դեսպանության խորհրդական, հյուպատոսության հարցերով պատասխանատու Մուհամմադ Հոսամ Հավեզին: «Նա այսօր դեսպանություն չի ներկայացել»,- փոխանցեցին դեսպանատնից: Հավելյալ մանրամասներ չփոխանցեցին` նշելով, որ իրենք էլ տեղեկությունն իմացել են լրատվամիջոցներից:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էին Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները: