Հայաստանի դեսպանությունը Հունգարիայի ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանին է սպասում
Հունգարիայում Հայաստանի դեսպանության /նստավայրը` Վիեննա/ խորհրդական Արթուր Մուշեղյանը Panorama.am-ին մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Ռամիլ Սաֆարովն արդեն Բաքվում է, ասաց թե դեսպանատունը վայրկյան առ վայրկյան սպասում է Հունգարիայի ԱԳ նախարարության պաշտոնական պատասխանին:
«Մենք հարցի վերաբերյալ բավականին ակտիվորեն կապի մեջ ենք եղել Հունգարիայի արտգործանախարարության, արդարադատության նախարարության և խորհրդարանի հետ: Երևի մենք առաջիկա 1-1.5 ժամվա ընթացքում կստանանք պաշտոնական պատասխանը, և ամեն ինչ կընկնի իր տեղը»,-ասաց դեսպանության խորհրդականը:
Հարցրեցինք, եթե պարզվի, որ ամեն դեպքում էքստրադիցիա եղել է, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու դեսպանությունը. «Եթե պարզվի որ դա իրականություն է, ապա դեսպանությունը չէ, արտգործնախարարությունը կանի համապատասխան հայտարարություն»:
Դեսպանության խորհրդականը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հունգարիան ու Ադրբեջանը էքստրադիցիայի մասին երկկողմանի համաձայնագիր չունեն, բայց երկուսն էլ անդամ են միջազգային էստրադիցիաների մասին համաձայնագրերի:
Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր:
Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
Լեյտենանտի սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ նրա հետ էլ գործը ավարտելու նպատակով: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, Ռամիլը նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել:
Ադրբեջանցին արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը` բացելու այն: Բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրոդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը: Նա կանգնեցնում է հայ սպային` մտածելով, որ Սաֆարովը կարող է զինված լինել: Կասկածները փարատելու համար նա զանգում է նույն միջանցքի սենյակներից մեկում ապրող իր հայրենկցին` խնդրում ստուգել, թե ինչ է կատարվում:
Մինչ այդ Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին սկսում է խելակորույս մյուս սենյակներում փնտրել Հայկին, բոլորին ասում է, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Այդ ժամանակ մյուս լիտվացին ու ոստիկանության աշխատակիցները մոտենում են:
Ոստիկանության աշխատակիցներին արյունարբու Սաֆարովն ասում է, որ իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ ողջ հայ ազգի:
Նախորդող հրապարակում`
Լ.Ալավերդյան. Հունգարական օրենսդրության համաձայն Սաֆարովի հանցագործությունը էքստրադիցիայի հնարավորություն չի նախատեսում
Գուրգեն Մարգարյանի կացնահարությունից 8 տարի է անցել