Քոչարյանի հայտարարությունը. «Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում նախագահության տարիներին Վարդան Օսկանյանը ԱԳ նախարար էր, հանդես է եկել հայտարարությամբ` Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առթիվ:
«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ:
Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:
Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները