Իրանի նախագահի առաջին տեղակալ. Թուրքիան պետք է Սիրիայի հետ խնդիրները լուծի երկխոսության միջոցով
Սիրիայի հարցը ռազմական լուծում չունի:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին:
Իրանի նախագահի առաջին տեղակալը, անդրադառնալով սիրիական խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է. «Ոչ մի խնդիր բախումներով չի լուծվում: Սիրիայի զինված խմբավորումներին զենք մատակարարելը՝ նշանակում է կրակի վրա բենզին լցնել»:
Մոհամմադ Ռեզա Ռահիմին, անդրադառնալով օրերս թուրք-սիրիական սահմանում արձանագրված զինված բախումներին և Թուրքիայի Մեջլիսի կողմից ռազմական գործողություններ սկսելու կառավարության միջնորդությանը հավանության տալուն, նշել է. «Թուրքիայի իշխանությունները պետք է զսպվածություն դրսևորեն և Սիրիայի հետ խնդիրները լուծեն երկխոսության միջոցով: Նրանք չպետք է այնպիսի քայլեր անեն, որը թյուրըմբռնումների առիթ տա»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան պատերազմ չի ցանկանում: