Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի և որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ՝ ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից։ Այս մասին գրում է «Հրապարակը»: Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ թերթի թղթակցին ասել է, թե դա նոր մշակույթ է, և այն պետք է տարածվի մեր երկրում. «Մենք ուզում ենք` քաղաքացիները փայատեր դառնան ձևավորվող իշխանությանը և սիմվոլիկ ներդրում ունենան»։
Սակայն թերթին տեղեկություններ են հասել, որ այս «մշակույթը» կարող է չարդարացնել իրեն, քանի որ չի հավաքագրվում գումարը։ Բացի այդ, ըստ թերթի, «Ազատ դեմոկրատների» հետ գժտության պատճառներից մեկն էլ ֆինանսական տարաձայնություններն էին: