Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը այցելել է Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե իրենց պատմության, թե պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Երկուստեք նշվել է երկու երկրների միջև կապերի խորացման կարեւորությունը եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուրուգվայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք: