Կ.Կարապետյան. ՀԱԿ-ի թեկնածուն փոփոխություն չի բերի
«Եթե անդրադառնանք այդ փաստաթղթին, այո, ես այդպես եմ կարծում»,-անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ-ի հայտարարությամբ, փաստորեն, չեղյալ է հայտարարվում նախագահական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին կոալիցիոն հուշագիրը` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը:
«Գաղափարական դաշտում տարբեր ելակետային հարթության վրա գտնվող քաղաքական ուժերի համար այնքան էլ հեշտ չէ համագործակցային դաշտում միասնական ճակատով գնալ ընտրությունների: ՀԱԿ-ի առումով, կարծում եմ, ժամանակի ընթացքում քաղաքական թերացումներ եղել են խորհրդարանական ընտրություններից առաջ, ՀԱԿ-ը կորցրել է ժողովրդի մի մեծ հատվածի վստահությունը: Իսկ դրանից հետո այդ վստահությունը վերադարձնելն այնքան էլ հեշտ բան չէ: Կարծում եմ` անգամ այսօր ՀԱԿ-ից ցանկացած թեկնածուի առաջադրումը, ըստ էության, ընդհանուր քարտեզի վրա ոչ մի փոփոխություն չի բերի: Կտեսնեք մեր թեկնածուի առավելությունը մյուս պոտենցիալ թեկնածուների նկատմամբ: Սերժ Սարգսյանը, իմ պատկերացմամբ, 60 տոկոսից ոչ պակաս ձայներ է հավաքելու»,- նշեց նա:
Նրա համոզմամբ, լավ կլիներ, որ ուժեղ և այլընտրանքային թեկնածու լիներ, բայց.
«Ես դաշտում չեմ տեսնում թեկնածու, որը հավասարազոր լիներ Սերժ Սարգսյանին: Այս պայմաններում, բնականաբար, քաղաքական գործընթացները մի քիչ տրամաբանությունը կորցնում են»,- ընդգծեց նա:
Կարեն Կարապետյանը չի համարում, որ ամենաուժեղ հնարավոր թեկնածուն եղել է Գագիկ Ծառուկյանը: Նա կարևորեց թեկնածուների անցած ուղին ու ասաց.
«Իմ վրա օրինակ բերեմ. եթե ես այսօր փորձում եմ որոշակի բարեգործություններ անել, դա դեռ չի նշանակում, որ ես պետք է թեկնածու դառնամ: Ես պետք է տարիների մեջ ճանապարհ անցնեմ և թրծվեմ, պետք է կառավարման համակարգից տեղյակ լինեմ ու կառավարման արվեստին տիրապետեմ»:
Նա նաև շարունակեց, որ իր էությամբ գործադիրի մարդ է և սիրում է գլուխը կախ աշխատել, ինչին հաջորդեց հարցը` հնարավո՞ր է, որ նախագահական ընտրություններից հետո ինքը նախարարի պաշտոն զբաղեցնի.
«Նախարարի պաշտոնը ես վաղուց անցել եմ»,- եղավ պատասխանը:
Կարդացեք նաև`
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան
Բլից. Խաչիկ Ասրյանը` Սերժ Սարգսյանի հաղթանակի ու ՀԱԿ-ի կործանման մասին
Բլից. Տիգրան Արզաքանցյանը «էկոնոմիչեսկի» տուժել է պատգամավորության ժամանակ
Մարտենս. Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի
Մեդվեդևի ուղերձը. Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք
Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ. ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության գործում
Օրակարգի միակ հարցը` առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու