Փաշինյան. Խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը «տղա է բերել» Էթիկայի հանձնաժողովի վրա
Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան: Այսօր այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Փոփոխությունները կառավարությանը ներկայացրել են Հանրապետական խմբակցության երկու պատգամավորներ` Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը: Կառավարության վերջին նիստում այն դրական եզրակացություն է ստացել և ներկայացվել խորհրդարան` արտահերթ ռեժիմով այն ըդունելու համար:
«Ընդամենը տասն օրվա ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը գրվեց, հաստատվեց, կառավարության նիստում քննարկվեց, և ահա բերվել է արտահերթ նիստի օրակարգ, ընդ որում՝ կառավարության կողմից: Կառավարությունն այսպիսով, միջամտում է խորհրդարանի ներքին-կանոնակարգային հարցի քննարկմանը, որովհետև, ինչպես հիմնական զեկուցողը նշեց, իրենք են խնդրել կառավարությանը: Ուշադրություն դարձրեք, ի դեպ, ԱԺ որևէ հանձնաժողովում այս նախագիծը չի քննարկվել, և միակ մարմինը, որ քննարկել և հավանության է արժանացրել՝ կառավարությունն է: Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը «տղա է բերել» Էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետև իրեն այնքան էլ ապահով չի զգում Ազգային ժողովում: Ահա թե որն է ապահով Հայաստան կառուցելու հանրապետական մեծամասնության ալգորիթմը», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա հաստատ համոզմամբ, երկու պատգամավորների նախաձեռնած այս փոփոխությամբ, ընդամենը մեկ հարց է լուծվում` ապահովել Էթիկայի հանձնաժողովի վերահսկելիությունը իշխանության կողմից:
Հիշեցնենք` Էթիկայի հանձնաժողովի շուրջ այս աժեոտաժը սկսվել էր, երբ նիստում քննարկվել էր Դաշնակցություն խմբակցության ներկայացրած դիմումը, որի համաձայն մեծամասնության 83 պատգամավորներ բոյկոտել են խորհրդարանական ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը:
Նախորդող լուրեր. Մեծամասնությունը` փոքրամասնություն. Էթիկայի հանձնաժողովում հնարավոր են փոփոխություններ
Դավիթ Հարությունյան. Ն.Փաշինյանը կոպտորեն խախտելով օրենքը… հայտարարեց, որ ինձ զրկում է ձայնի իրավունքից