ՀՀ նախագահ. Հայաստանն ակնկալում է, որ դաշնակիցները հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին
ՀԱՊԿ անդամ երկրներն ավելի շատ ջանք պետք է ներդնեն անդամ երկրների արմատական շահերին առնչվող հարցրերում միասնական մոտեցումներ ու փոխադարձ օգնության մեխանիզմներ մշակելու հարցում: Panorama.am-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում:
Հանրապետության ղեկավարը ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության արդյունավետության խնդիրը շոշափել է ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում:
«Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման հարցերին: Ցանակացած դասի հայ դիվանագետ, առանց մայրաքաղաքի հետ համաձայնեցնելու, նախապես գիտի, որ չպետք է աջակցի որևէ նախաձեռնություն, որը շոշափում է ՀԱՊԿ գծով մեր դաշնակցի շահերը»,- նշել է Սերժ Սարգսյանն ու փաստել, որ չնայած ՀԱՊԿ գծով դաշնակիցներին՝ Ադրբեջանի միակողմանի ձևակերպումներն անցկացնելու փորձերին խոչընդոտելու վերաբերյալ Հայաստանի հորդորներին, դրանք մնում են անպատասխան:
«Ցավոք, շատ են օրինակները Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գծով և շատ հաճախ՝ թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդում: Սա հատկապես հրատապ է հիմա, երբ Ղրղզստանը նախագահելու է թե մեր կազմակերպությունում և թե թյուրքախոս երկրների միությունում»,- նշել է նախագահ Սարգսյանն ու կոնկրետ օրինակ բերել.
«Հոկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը փորձում էր խոչընդոտել Հայաստանի մասնակցությանը` ՄԱԿ տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու կոմիտեում: Սա նեղ մասնագիտացված կոմիտե է՝ բաց` ՄԱԿ անդամ բոլոր երկրների համար: Իսկ մեր երեք դաշնակիցները Հայաստանին չսատարեցին անգամ այս հարցում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը գործընկերներին հիշեցրել է, որ Կազմակերպության արդյունավետ և ամբողջական գործունեության համար պետք է հավատարիմ մնալ Մինսկում ընդունված հայտարարությանը, որտեղ ամրագրված հիմնարար սկզբունքների համաձայն «ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ կապերի համեմատ ունի գերակա բնույթ»:
«Ըստ որում, ես ցանկանում եմ ընդգծել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանը միշտ դիմել է գործընկերներին միայն մեկ խնդրանքով՝ պահպանել չեզոք դիրքորոշում, աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, իսկ ընդունվող փաստաթղթերում ու հայտարարություններում կիրառել ԵԱՀԿ համատեղ հայտարարություններում առկա ձևակերպումները»,- նշել է ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան