Առաջադրված թեկնածուներից 8-ը չգրանցվելու ռիսկի տակ են
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած 15 թեկնածուներից 8-ը հնարավոր է չգրանցվեն: Բանն այն է, որ ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, առաջադրման փաստաթղթերը Ընտրական օրենսգրքի համաձայն ամբողջական, այսինքն ընտրագրավի մասին անդորրագիրը ներառյալ, ներկայացրել են միայն 7 թեկնածուներ:
Այդ թեկնածուներն են «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և գործող նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե թեկնածուները մինչև գրանցման համար նախատեսված ժամկետը 48 ժամվա ընթացքում չեն ամբողջացնում փաստաթղթերը, ապա նրանք չեն գրանցվում: Այսինքն, այսօրվանից սկսած ԿԸՀ-ն թեկնածուներին տրամադրելու է հավելյալ 48 ժամ ժամանակ ներկայացնելու ընտրագրավի մասին անդորրագրերը:
Փաստորեն, չգրանցվելու ռիսկի տակ են հայտնվում Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, անկուսակցական, «Հայ-ռուսական հասարակական միավորում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում փաստաբան է. Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը, Ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Նարինե Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:
Այսօր ժամը 18:00-ին ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը և սկսվելու է նրանց գրանցումը, որը կշարունակվի մինչև հունվարի 14-ը:
Կարատեիստ, ֆիզիկոս, թոշակառու. Նախագահական ընտրություններում առաջադրումներն այսօր կավարտվեն
Առաջադրումների ժամկետն ավարտվեց. թեկնածուների թիվը մնաց անփոփոխ