ԵԱՀԿ ՄԽ-ն կարևոր գործ է կատարում. Մինյոնը չի վերակագործարկի ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձննաժողովը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, որի գործունեությունը վերականգնվեց ազգությամբ թուրք ԵԽԽՎ նախկին քարտուղար Մևլութ Չավուշօղլուի օրոք, ըստ էության չի գործում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով այդ հարցին, հայտարարեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը, Ստրասբուրգից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի հարցով պարբերաբար հանդիպումներ ունենում է, որոնք, ինչպես Մինյոնն ասաց, պաշտոնական ու հանրային չեն:
«Ես չեմ ցանկանում վերականգնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը հենց միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ կարևոր գործ է կատարում հակամարտությունը լուծելու ուղղությամբ», -հայտարարեց Մինյոնը` ընդգծելով, որ ինքը վստահում է հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: